Սրանք աշխատում են ընդդեմ հայ ժողովրդի, ընդդեմ հայ ժողովրդի պատմության. Մարգարիտ Եսայան
Մարգարիտ Եսայանը գրում է. ««Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ»,- հայտարարել է ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողը։
Իսկ ի՞նչն է սրանց իշխանության համար առաջնահերթություն՝ փոշեկուլի վարկը մա՞րելը, անխնա հարստա՞նալը, երկրի տնտեսությունը հիմնահատակ քա՞նդելը, պետական պարտքը աննախադեպ մեծա՞ցնելը, Հայ Առաքելական Եկեղեցին քա՞նդելը, թուրքի ոտքերի տակ կքա՞նստելը, համատարած ուրա՞ցումը, պատմությունը մերժե՞լը, երկիրը հա՞նձնելը, Արցախի հարցը փա՞կելը, Եռաբլուրը մեծացնելն ու բետոնա՞պատելը, ընդդեմ Հայաստանի գո՞րծելը։Բա դուք պետո՞ւթյուն եք, բա դուք հայկա՞կան եք, դուք հա՞յ եք, եթե ՝այո, ձեր արյունը հիշողություն չո՞ւնի․․Չեք հասկա՞նում, որ Ցեղասպանության ճանաչումը, նաեւ ազգային անվտանգության խնդիր է, հատկապես, թշնամին չի էլ թաքցնում, իր հակահայ քաղաքականությունը եւ նկրտումները։
Աշխարհը ընդունել ու դատապարտել է թուրքերի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը, հարյուրավոր բանաձեւեր, հայտարարություններ են արվել եւ գործընթացը առաջ է գնացել առաջին հերթին եւ հիմնականում ՀՀ պետության, մինչեւ 2018-ը գործող իշխանությունների ջանքերի եւ աշխատանքի շնորհիվ։
Հայ-թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության ժամանակ թիվ մեկ հիմնական պայմանն էր՝ առանց նախապայմանների, այսինքն՝ Ցեղասպանության հարցը մնում է օրակարգում եւ՝ Թուրքիան իրավունք չպետք է ունենար խառնվել Արցախի հարցի գործընթացին։ Սա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի առաջ դրված պարտադիր պայման էր։
Որն, ի դեպ, Թուրքիան ընդունել էր։
Հիմա էս արաբաթները կարծես ձգտում են թուրքից ավելի թուրք լինել։
Կարծում եմ, հենց այսօր պետք է խոսեն հարյուրավոր Ցեղասպանագետները ՝ Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի, բոլորը պետք է արտահայտվեն։Պետք է խոսեն Ցեղասպանության զոհերի ժառանգները, ինստիտուտները, հիմնադրամները, բոլոր հայերը, որ նույն այդ Ցեղասպանության հետեւանքով հայտնվել են օտար երկրներում, տնավեր, իրենց երկրից, հողից, իրենց ժառանգությունից զրկված։ Խոսեք, մարդիկ, ընդվզեք, չի կարելի այսքան լուռ լինել, չի կարելի այսպես կուլ տալ այս թշնամահաճոների ուրացումները։
Սրանք աշխատում են ընդդեմ հայ ժողովրդի, ընդդեմ հայ ժողովրդի պատմության։ Սթափվեք, մարդիկ․․
Ես իմ բողոքն եմ ներկայացնում ընդդեմ սրանց ուրացումի քաղաքականության, իմ վեպի հերոսների հոգիները իրենց բողոքն են ներկայացնում, իմ նախնիների հոգիները իրենց բողոքն են ներկայացնում ընդդեմ այս համատարած ուրացումի։ Մեկուկես միլիոն զոհերի հոգիները իրենց բողոքն են ներկայացնում ընդդեմ այս թշնամահաճո խմբակի հակահայ քաղաքականության․․»։