438 միլիոն 627.600 դրամ՝ ֆավորիտ մատակարարին․ ԿԳՄՍՆ աստղաբաշխական դրամաշնորհը՝ Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության անցկացման համար
«Գևորգիան կոնցեռնը», որն իր հետ աֆիլացվող կազմակերպություններով հանդիսանում է պետական գերատեսչությունների սրտի մատակարարը, հերթական պայմանագիրն է կնքել։
Ըստ պետգնումների armeps համակարգի՝ Կրթության, Գիտության, Մշակույթի ու Սպորտի նախարարությունն է այս անգամ դրամաշնորհի ձևով տրվող ֆինանսական աջակցության պայմանագիր կնքել կոնցեռնի հետ։ Հոկտեմբերի 28-ին կնքված պայմանագրի գինը 438 միլիոն 627.600 դրամ է, որի շրջանակում ընկերությունը ստանձնելու է Երևանում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության անցկացումը` ներառյալ նախապատրաստական աշխատանքները։
Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքերը մեկնարկել են հենց պայմանագրի կնքումից հետո՝ նույն օրը, իսկ միջոցառումը նախատեսված է իրականացնել նոյեմբերի 18-24-ը։
Ծառայությունները ներառում են՝ աշխարհի առաջնության բրենդբուքի և տարբերանշանի մշակում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վարձակալություն, «Զվարթնոց» միջազգային օդակայանի ժամանման և մեկնման սրահներում տեղեկատվական կետերի, տաղավարների և վահանակների տեղադրում, դահլիճների բրենդավորում, տեխնիկական ու գույքային ապահովում, նվերների ձեռքբերում, տեղեկատվական արշավ, ուղիղ հեռարձակում, փակման, բացման արարողություններ և այլն։
Մի կողմ թողնելով հանգամանքը, որ դրամաշնորհների տրամադրմամբ ոչ մրցակցային պայմաններ են ստեղծվում նմանատիպ ծառայություններ մատուցող մյուս կազմակերպությունների համար, կենտրոնանանք մեկ այլ դրվագի վրա․ մեր տարբեր հրապարակումներում անդրադարձել ենք Վլադիմիր Գևորգյանի կողմից հիմնված «Գևորգիան Կոնցեռնին», որտեղ մեկ հարկի տակ են հավաքվել Վլադիմիր Գևորգյանին, նրա ընտանիքին առնչվող այլ ՍՊԸ-ներ ևս՝ «Կոնցեպտ Իվենթս», «Օլ հոթելս», «Պեցցո», «Լոռե Թրավել», և այլն։
Պետգնումների համակարգից, օրինակ, տեղեկանում ենք՝ միայն այս տարի «Կոնցեպտ Իվենթսը», «Պեցցոն», «Գևորգիան կոնցեռնն» արդեն 5 դրամաշնորհ են ստացել, և բոլորն էլ՝ ԿԳՄՍ նախարարությունից․ ԿԳՄՍՆ-ն դեռ փետրվարին 20 միլիոն դրամից ավելի դրամաշնորհ է հատկացրել «Կոնցեպտ Իվենթսին»՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի անցկացման համար, ապա նույն ժամանակահատվածում կնքված մեկ այլ պայմանագրով՝ 29 միլիոն դրամից ավելի գումար՝ «Պեցցո»-ին՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի անցկացման համար, շուրջ 10 միլիոն դրամաշնորհ էլ դեռ մարտին նախարարությունից է ստացել «Գևորգիան կոնցեռնը»՝ «Գավառը՝ 2024 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք» միջոցառման շրջանակներում, ապա դարձյալ «Կոնցեպտ Իվենթսը»՝ շուրջ 49 միլիոն դրամով ստանձնելով մարտին՝ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի անցկացումը։