Հրաժարականը գրում, գնում է. գալիս են մարդիկ, որոնք և՛ հայրենասեր են, և՛ ունակ գործ անել. Հայկ Մամիջանյան

Վրաստանի ընտրություններն ինձ համար առաջին հերթին քաղաքական վեկտորի ընտրություններ էին. կարծում եմ՝ դրանց արդյունքները բավական հստակ ցույց տվեցին մեր հարևան և բարեկամ վրաց ժողովրդի արձագանքը և մոտեցումն այդ հարցին։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով՝ բոլոր նրանք, որոնք ասում էին, թե Ռուսաստանը նվազեցնում է իր ազդեցությունը Հարավային Կովկասում կամ, առհասարակ, հրաժարվում դրանից, հիմա տեսնում են ռուս-ադրբեջանական, ռուս-վրացական հարաբերությունների մակարդակը, հետևապես՝ այստեղ առաջնային է դառնում հարցը՝ իսկ ի՞նչ են անում Հայաստանի կառավարիչները մեր երկրի արտաքին քաղաքականության հետ։

«Հայաստանի կառավարիչների գործունեությունն առհասարակ աբսուրդ է. Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության հիմնասյուն հանդիսացող ՀԱՊԿ-ի վերաբերյալ նախ ինչ-որ ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրները մաս էին կազմում Արցախի դեմ հարձակման, հետո այլ հայտարարություններ ևս՝ չստեղծելով այդ համակարգին այլընտրանք։ Գիտեք՝ նման հայտարարություններով կարող է հանդես գալ, օրինակ, ինչ-որ բլոգեր, հասարակական ակտիվիստ, ընդդիմադիր քաղաքական գործիչ, որը գործիք չունի, բայց ոչ իշխանությունը»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով՝ իշխանության առաքելությունը խնդիրներ լուծելն է, ոչ թե հայտարարելը, թե աշխարհում մնացել ենք մեն միայնակ։

 «Օրինակ՝ պետք է հասկանար, որ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հիմնարար պայմանավորվածությունների ձեռքբերումը և իրագործումը՝ առանց երաշխավորի»,- ասաց Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը պատճառներ ունի. դա հետևանք է նրա, որ Հայաստանի իշխանության ղեկին նստած մարդը չի սպասարկում հայկական շահը։

Կարդացեք նաև

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռին նստած մարդն ուղղակի հայամետ չէ. վարում է չարչու դիվանագիտություն` լուծումներ առաջարկելու փոխարեն»,- ասաց պատգամավորը։

Օրինակ, ինչպիսի՞ լուծում եք պատկերացնում՝ հարցին ի պատասխան էլ՝ Հայկ Մամիջանյանը արձագանքեց.

«Թուղթը վերցնում, հրաժարականը գրում՝ գնում է. գալիս են մարդիկ, որոնք և՛ հայրենասեր են, և՛ ունակ գործընթացներ իրականացնելու։ Լուծումներ կգտնվեն, երբ հասկանան, որ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հիմնարար պայմանավորվածությունների ձեռքբերում և իրագործում՝ առանց երաշխավորի։ Պարտավոր է դաշնակցի հետ ունենալ լավ հարաբերություններ, գործընկերների համար դառնալ կանխատեսելի երկիր, ուժեղացնել անվտանգային համակարգերը թե՛ դիվանագիտական, թե՛ հողի վրա, և այսպես շարունակ»,- ասաց Մամիջանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս