Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ ունի խորը անձնական պատճառ. ինչո՞ւ նախկին նախարարը թշնամի դարձավ ՔՊ-ական 2 պատգամավորների համար
Արդեն շուրջ մեկ ամիս է՝ Հայաստանը չունի արդարադատության նախարար: Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ), ոչ մի կերպ չի կարողանում իր միջից նախարարացու գտնել:
Այն մասին, որ հաջորդ նախարարը պիտի պարտադիր ՔՊ-ից լինի, առաջին անգամ հանրայնացրեց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը, ով Գրիգոր Մինասյանի դեմ Անդրանիկ Քոչարյանի համահեղինակությամբ կազմակերպված ստորագրահավաքի նախաձեռնողն էր:
Հիմա արդեն արդարադատության նախարարի՝ պարտադիր ՔՊ-ական լինելու պայմանը չեղարկվել է, քանի որ ՔՊ-ականների մեջ դժվար է գտնել տառաճանաչ իրավաբանի, իսկ եղածն էլ Ազգային ժողովում (ԱԺ) ավելի է անհրաժեշտ:
Այն, ինչ տեղի ունեցավ արդարադատության նախարարի ֆավորիտ թեկնածու Արփի Դավոյանի հետ, թերևս, մեծ դաս եղավ նրա ու բոլոր նրանց համար, ովքեր երբևէ կարող էին մտածել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական ուժը որևէ կարմիր գիծ ունի:
Արփի Դավոյանին նվաստացրեց ու «գցեց» սեփական կուսակցության վարչությունը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ու առնվազն նրա լուռ համաձայնությամբ: Իսկ Արփի Դավոյանն այդ կուսակցության գրեթե միակ երդվյալ նիկոլականն է:
Բայց Արփի Դավոյանն ամենևին էլ իր համար չէր հնարավորն ու անհնարինն անում Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար, ինչը, պետք է ընդունել, որ նրա մոտ ստացվեց, որքան էլ որ Փաշինյանը գոհ էր Մինասյանի աշխատանքից:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Արփի Դավոյանի ատելությունը Գրիգոր Մինասյանի նկատմամբ խորը անձնական պատճառներ ունի:
Պարզվում է՝ Արփի Դավոյանի հետ անձնական մտերմություն ունեցող ՔՊ-ի նախկին աուդիտորներից մեկը՝ Սամվել Եղիազարյան անունով, աշխատել է Արդարադատության նախարարությունում ու զբաղեցրել ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Հենց նրան է աշխատանքից ազատել Գրիգոր Մինասյանը, ինչից հետո Գրիգոր Մինասյանին զբաղեցրած պաշտոնից ազատելն Արփի Դավոյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր: Հենց այդ պահից է Դավոյանը սկսել կոնկրետ աշխատել Գրիգոր Մինասյանի ուղղությամբ: Ու «նախարարը պետք է մեր թիմից լինի» պոռթկումը Արփի Դավոյանի հոգու ճիչն էր իր մերձավորին աշխատանքից ազատելու համար:
Ինչ վերաբերում է Գրիգոր Մինասյան-Անդրանիկ Քոչարյան հակամարտությանը, դրա տեսանելի հատվածի մասին 168.am-ը գրել էր դեռևս այս տարվա մարտի 26-ին, երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերածեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) պետի անձի կամ, ավելի ճիշտ, այդ պաշտոնը ձեռք գցելու փորձի շուրջ բացահայտ առճակատման արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:
Ուշագրավ էր, որ Անդրանիկ Քոչարյանը հատկապես կենտրոնացել էր ՔԿԾ պետի նշանակման, նրա մինչհեղափոխական աշխատանքային կենսագրության ու դրա առանձին դրվագների վրա: Բանն այն է, որ ՔԿԾ պետը Մարտի 1-ի գործով քննիչներից է եղել, և Անդրանիկ Քոչարյանը փորձում էր սլաքները շեղել իրական պատճառից ու ցույց տալ, որ դա անհաղթահարելի խոչընդոտ է նրա հետագա պաշտոնավարման համար այս կամ այն պաշտոնում:
Իրականում, սակայն, մեր տեղեկություններով՝ խնդիրը ոչ թե Ամբակում Գրիգորյանի նախկին զբաղվածությունն է, այլ այն, որ Անդրանիկ Քոչարյանի մոտ չի ստացվել վերջինիս նկատմամբ վերահսկողություն ունենալ ու ՔԿԾ պետին դարձնել իր կամակատարը: Անդրանիկ Քոչարյանին թվացել է, որ եթե ինքը կարողացել է ՔԿԾ նախկին պետ, մեղմաբարո Սերգեյ Ատոմյանին թելադրել՝ ինչ անել, նույնը կարող է իրեն թույլ տալ Ամբակում Գրիգորյանի վերաբերյալ, ու սկսել է նրան էլ թելադրել՝ ինչ անել, ընդհուպ՝ հրահանգել այս կամ այն ազատազրկված անձին տեղափոխել կոնկրետ քրեակատարողական հիմնարկ, կամ իր ասած մարդկանց ՔԿԾ համակարգում նշանակել տարբեր պաշտոնների:
Ամբակում Գրիգորյանը, սակայն, նրան շատ հստակ ու կոնկրետ հասկացրել է, որ իրեն կարող է ասել միայն ի պաշտոնե իր ղեկավարը: Բայց Անդրանիկ Քոչարյան-Ամբակում Գրիգորյան հակամարտությունը սրվել է հատկապես «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդուն՝ Արման Մելքոնյանին, աշխատանքից ազատելուց հետո: Ինչպես հայտնի է, Գագիկ Մելքոնյանն Անդրանիկ Քոչարյանի ընկերն է, և հենց այդ պատճառով էլ նրա որդուն աշխատանքից ազատելն Ամբակում Գրիգորյանին չի ներվել: Ինչպես ասում են, այդ պայմաններում Արփի Դավոյանի դաշնակիցը դառնալը տեխնիկական հարց էր:
Հատկանշական է, որ 168.am-ի տեղեկություններով, Անդրանիկ Քոչարյանի՝ ՔՊ-ում դիրքերի ամրապնդումից հետո նրան են դիմում ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ: