Շատ հնարավոր է, որ` Ջերմուկից հետ քաշեն եւ դառնա նախկին սահմանային գիծը. Վայոց Ձորի մարզպետ.«Հրապարակ»

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել հարցին, թե բացառո՞ւմ է, որ ինչ-որ պահի Հայաստանը տեղի կտա Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջին: «Մեր դիրքորոշումը բազմիցս ասել ենք, թե հետագայում ինչ կլինի, ես կանխագուշակումներ չեմ անի, ուլտիմատումներով չեմ խոսի: Մենք դրա լուծումն էլ ենք առաջարկել, որն ակնհայտ է: Մենք չպետք է փորձենք մկաններով խաղալ կամ մեկս մյուսին բան ապացուցել, այլ լուծումներ գտնենք»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում կա՞ կետ, որը ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը պետք է ՀՀ տարածքից հետ քաշվեն՝ Սիմոնյանն ասաց, որ պայմանագրի կետերը չի բացահայտելու։

«Տրամաբանությունը հուշում է, որ երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է՝ պետք է վերականգնի դա: Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք, եւ Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ եկել, եւ մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»,- հույս հայտնեց նա: Չնայած ԱԺ նախագահի այս պնդումներին, ոչ ոք Հայաստանում հույս չունի, որ ադրբեջանական զորքը հետ է քաշվելու Ջերմուկի, Սեւ լճի, Ներքին Հանդի տարածքներից եւ մեզ է վերադարձնելու տասնամյակներ շարունակ մերը եղած Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը, որը թշնամին զավթել է` ինչպես հեքիաթների հրեշն է զավթում ջրի ակունքը` թույլ չտալով, որ մարդիկ դրանից օգտվեն: Թեեւ ինքն էլ որեւէ օգուտ չունի այդ 21 կիլոմետրանոց հատվածից` այն իրեն բոլորովին պետք չէ: 

Ջերմուկը, որ Հայաստանի ամենաակտիվ զբոսաշրջային քաղաքներից է, ադրբեջանական դիրքերի առաջխաղացումից հետո վերածվել է ուրվական քաղաքի, որտեղ զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազել է, առողջարաններն ու հյուրանոցային համալիրները գրեթե դատարկ են կամ կիսադատարկ: Այս եւ այլ հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հետ:

– Ջերմուկում ի՞նչ իրավիճակ է: Թշնամին փաստացի հետ չի քաշում իր զորքը մեր տարածքից:

– Ընդհանուր առմամբ, նորմալ վիճակ է, ոչ մի կտրուկ փոփոխություններ չեն եղել, նորմալ, ոնց նախկինում կար, ներկա պահին այդպես էլ մնում է: Ոչ մի տեղաշարժ չի արձանագրվել:

– Բնագծերի կահավորում տեղի ունեցե՞լ է այս ընթացքում: Առհասարակ, ինչ-որ աշխատանքներ տարվե՞լ են՝ մեր դիրքերն ամրացնելու համար:

– Մեր կողմից ինժեներական աշխատանքներ են տարվում: Աշխատանքներ են անում, դիրքավորման եւ այլն, անվտանգության առումով նորմալ է:

– ԵՄ դիտորդներ կա՞ն մարզում, ինչո՞վ են զբաղվում:

– Դիտորդները կան, եւ մարզկենտրոնում է իրենց մշտական տեղակայման վայրը, բայց նաեւ Ջերմուկում են լինում, 60-ից ավելի ԵՄ դիտորդ կա մարզում, որոնք իրենց աշխատանքները կատարում են, եթե կրակոցներ-բան է լինում, այցելում են այդ ուղղություններով, դիտարկումներ են կատարում ու արձանագրում:

– Փաստորեն, կրակոցներ էլ են լինում:

– Չէ, չէ, հաճախակի կրակոցներ չեն լինում: Առավել եւս` Ջերմուկում… հազվադեպ:

– ԵՄ դիտորդներն ինչ-որ դեր խաղո՞ւմ են՝ թշնամու գործողությունների հետ կապված:

– Դրական ազդեցություն ունեն, նրանց գտնվելը թե՛ մարզի եւ թե՛ բնակիչների վրա դրական ազդեցություն է թողնում:

– Խոսակցություններ կան, որ ԵՄ դիտորդների պայմանագրի ժամկետը հնարավոր է չերկարացվի` փետրվարին լրանում է 2 տարին:

– Ինձ թվում է՝ այդ առումով դեռ քննարկումներ չկան, ես կոնկրետ ոչ մի կարծիք չեմ կարող ասել, դա ավելի բարձր մակարդակի հարց է:

– Ալեն Սիմոնյանն ասում է՝ երբ խաղաղության պայմանագիր կնքեն, թշնամին իր զորքը հետ կքաշի մեր տարածքներից: Դուք ի՞նչ եք կարծում:

– Շատ հնարավոր է, որ` այո, հետ քաշեն, քանի որ ներխուժել են մոտ վեց կիլոմետր, հնարավոր է հետ քաշվեն, եւ դառնա նախկին սահմանային գիծը: Մենք կողմ ենք, որ խաղաղության պայմանագիր լինի, մեզ, մեր մարզին, մեր երկրին պետք է: Վերջին մի քանի տարում այնպիսի դեպքեր եղան, որ հիմա ուղղակի անհրաժեշտ է մեզ այդ խաղաղությունը:

– Ամեն դեպքում, Ջերմուկ քաղաքն էլ առաջվա ակտիվ առողջարանային քաղաքը չէ, զբոսաշրջիկներ գրեթե չկան: Ինչո՞վ է պայմանավորված դա, եթե, ինչպես ասում եք, ամեն ինչ նորմալ է:

– Դե, որովհետեւ որոշ դեսպանատներ իրենց քաղաքացիներին զգուշացնում են, որ չայցելեն այդ տարածքներ, բայց ասեմ, որ վերջերս ես Ջերմուկում էի, զբոսաշրջիկներ կային, ճիշտ է` շատ չեն, բայց քիչ էլ չեն: Դե, հիմա աշուն է, աշնանը, բնականաբար, նվազում է տուրիստների թիվը: Ջերմուկում լավ առողջարաններ կան, օրինակ, «Գլաձոր» առողջարանը վերանորոգվում է, տարբեր աշխատանքներ են տարվում տուրիզմի ուղղությամբ, անցած շաբաթ ֆորում տեղի ունեցավ, որին մասնակցում էր նաեւ էկոնոմիկայի նախարարը: Մեծ ներդրում են արել Արսենյանները «Գլաձոր» առողջարանի համար` մինչեւ յոթ միլիարդ դրամ:

Տեսանյութեր

Լրահոս