Իրանի քաղաքացին թմրանյութեր է տեղադրել Երևանի տարբեր մասերում. նա կալանավորվել է
ԻԻՀ քաղաքացին, որը տելեգրամյան հավելվածի միջոցով թմրանյութ է ձեռք բերել և տեղադրել Երևանի տարբեր մասերում, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հաշվառված 50-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14.15-ին, Գրիբոյեդովի փողոցի զբոսայգու մոտ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
«ԻԻՀ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 փաթեթ՝ բուսական զանգվածի պարունակությամբ, 2 հատ թափանցիկ ժապավեն, 1 հատ զիպ փաթեթ, 8 շղթա փոքր մագնիս, 19 փաթեթ շագանակագույն բուսական զանգվածների պարունակությամբ և 20 փաթեթ բուսական զանգված»,- նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Քաղաքացին հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի՝ քննությամբ դեռևս անհայտ օգտատիրոջից:
Նշանակվել է դատանյութագիտական և դատակենսաբանական համալիր փորձաքննություն:
«ՀՀ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված նախնական եզրակացությամբ հաստատվել է, որ փորձաքննությանը ներկայացված զանգվածները մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (շահադիտական դրդումներով, իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ապօրինի շրջանառությունը):
Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Միջոցառումներ են ձեռնարկվում թմրամիջոցը ձեռք բերելու աղբյուրը պարզելու, ինչպես նաև ապօրինի շրջանառության ամբողջ շղթան բացահայտելու ուղղությամբ: