Կոռուպցիայի նոր տեսակ է զարգանում, միամիտ մի՛ եղեք. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանը շինթույլտվություններ տրամադրելու հարցում չի համագործակցում բրոկերական ընկերությունների հետ, և այն, ինչ վերջին շրջանում կատարվում է, նոր կոռուպցիոն սխեմա է։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վերջին շրջանում նոր, հետաքրքիր կոռուպցիա է սկսել զարգանալ, արդեն 3-րդ դեպքի մասին եմ լսում։ Այս կոռուպցիան ավելի շատ կարելի է կոչել միամիտներին այս պրոցեսի մեջ ներքաշելու տարբերակ, որովհետև սա իրականացվում է որոշակի բրոկերական ընկերությունների կողմից»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ որոշ բրոկերական ծառայություններ շինթույլտվութուն ստանալու գործընթացի առնչությամբ կառուցապատողներին ասում են՝ գումարը տվե՛ք, գործը 90%-ով կկազմակերպենք։ Նաև անպայման նշում են, որ կա 10 % հավանականություն, որ չեն կարողանա գործը գլուխ բերել։ Եթե Երևանի քաղաքապետարանն իր ստանդարտ պրոցեսով տալիս է շինթույլտվություն, ստացվում է, որ բրոկերական ընկերությունը խնդիրը լուծեց, իսկ եթե չի տալիս, ստացվում է, որ իրենց նշած 10% հավանականությունն աշխատեց։

«Սիրելի կառուցապատողներ, խնդրում եմ՝ մի՛ եղեք միամիտ։ Երևանի քաղաքապետարանում որոշում կայացնելու գործընթացը բավականին դիվերսիֆիկացված է։

Կարդացեք նաև

Քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս իրարից անկախ ճարտարապետներ։ Հետևաբար խորհուրդ չեմ տալիս օգտվել բրոկերական ծառայություններից»,- ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով` եթե բրոկերական ընկերությունը, բացի փաստաթղթերի լրացումից, նաև նմանատիպ ծառայություններ է առաջարկում, ուրեմն հույսը կառուցապատողների միամտությունն է։

Տեսանյութեր

Լրահոս