Երկու ընկերություններ ևս ազատվեցին մաքսատուրքից
Կառավարությունն այս շաբաթ բավարարեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Չապ Քեմիքլ» և «Սմարթ Սիստեմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հայտերը։
Ըստ հիմնավորման՝ 1999 թվականից գործող «Չապ Քեմիքլ» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել Գյումրիում օճառի արտադրության համար։
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 20 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման, և 70 մլն դրամի ներդրում՝ արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 97.000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականն ընկած ժամանակահատվածում նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․3 մլն դրամ»,- նշվում է հիմնավորման մեջ՝ նկատառմամբ, որ ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
2018 թվականի ապրիլից (ըստ ռեգիստրի տվյալների) հիմնադրված «Սմարթ Սիստեմ» ընկերությունն էլ նախատեսում է ներմուծվող սարքավորումներով Հայաստանում զարգացնել և ընդլայնել էլեկտրական մեքենաների միջոցով փոխադրումների իրականացման հնարավորությունները՝ կատարելով էլեկտրական մեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում։ Ծրագիրն իրականացվելու է Երևանում քաղաքում։
«Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 72 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար (ներառյալ՝ ներմուծվող ապրանքների արժեքը)։
Ներկայումս առկա է 18 աշխատատեղ՝ 130.000 դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 23-ի՝ 140.000 դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 22․6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․2 մլն դրամ»,- նշվում է հիմնավորման մեջ։