Խաղաղության ոչ մի պայմանագիր ամբողջական խաղաղության հարց չի լուծում․ Վահե Ղալումյան

Սահմանադրական դատարանում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունից հետո կանոնակարգը պետք է գա Ազգային ժողով վավերացման և անցնի սահմանազատման հաջորդ փուլը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը՝ ավելացնելով, թե հանձնաժողովների որոշման խնդիրն է՝ որտեղից է հաջորդ սահմանազատումը սկսվելու։

Հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանը չի հրապարակում կանոնակարգը, երբ Հայաստանը հրապարակել է, իշխանական պատգամավորը պատասխանեց.

«Հայաստանն իր պայմանավորվածություններն ու պարտականությունները համապատասխանաբար առաջ է տանում։ Ես Ալիևի խոսքերն ու գործողությունները մեկնաբանելու կարիք չեմ զգում։ Հայաստանը իր իրավական հիմք ունեցող պահանջներից երբեք չի հրաժարվել»:

Հարցին էլ՝  արդյոք կուսակցությունում քննարկվե՞լ է առաջիկայում Բաքվում սպասվող COP29-ին մասնակցելու հարցը, վերջինս բացասական պատասխան տվեց. «Ստորագրվող փաստաթղթի մասին նույնպես չեմ կարող որևէ բան ասել։ Կարող եմ ասել, որ Հայաստանը համահունչ է խաղաղության պայմանագրի ստորագրման գործողություններին, և քայլ առ քայլ մոտենում ենք այդ պայմանագրին։ Ադրբեջանն էլ պարբերաբար հայտարարում է, որ պայմանագրի ստորագրումը մոտիկացել է, և այն կետերը, որոնց շուրջ համաձայնություն կա, կեսից շատ են։ Ոչ մի խաղաղության պայմանագիր ամբողջական խաղաղության հարց չի լուծում»։

Տեսանյութեր

Լրահոս