«Իրենց որդիներին Արցախում թողած ծնողներն ասացին՝ երանի ձեզ, խունկ ծխելու տեղ ունեք». որդեկորույս մայր

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սկսած պատերազմի արդյունքում նահատակված զինծառայող Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը, այսօր «Եռաբլուրում» իր երախտագիտությունը հայտնեց «Արցախի կանչը» հուշակոթողի ստեղծման նախաձեռնողներին, շեշտելով՝ բոլորով այսօր շատ դաժան ու սարսափելի օրեր են ապրում։

«Հուշակոթողի ստեղծումը շատ ճիշտ միտք է, վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ արցախցիներ, այստեղ չունենալով իրենց հարազատի շիրիմը, գալիս են «Եռաբլուր» մեր տղաների մոտ, խունկ են ծխում, թարմ ծաղիկներ են բերում՝ այդպիսով սգում են իրենց որդիների, եղբայրների, ամուսինների համար»,- նշեց Ադելինա Ավետիսյանը։

Նա պատմեց մի դեպք, որը տեղի էր ունեցել վերջերս «Եռաբլուրում»։

«Վերջին մեկ տարվա ընթացքում ես գրեթե ամեն օր այստեղ եմ, մի օր գնալով որդուս շիրիմին, նկատեցի, որ որդուս շիրիմի մոտ նստարանին երկու կին են նստած։ Երկու անծանոթ կանայք էին, մոտեցա շնորհակալություն հայտնեցի, որ այցելել են որդուս շիրմին, ծաղիկներ էին դրել։ Երկու կանայք ինձ ամուր գրկեցին ու ասացին՝ երանի ձեզ, լաց լինելու տեղ ունեք, գալու տեղ ունեք, ծաղիկ բերելու, խունկ ծխելու տեղ ունեք, «դրդահան» լինելու տեղ ունեք։ Ես ուղղակի խոսքեր չեմ կարողացել գտնել, քարացած էի, բայց ներքուստ ինքս ինձ հետ կռվում էի, գոռում-գոչում էի և հասկանում, որ գեթ մեկ վայրկյան չէի ուզենա իրենց փոխարեն լինել։ Ցավոք, սա այսօր դառը իրականություն է, որի մեջ բոլորս կանք»,- նշեց Ադելիան Ավետիսյանը։

Կարդացեք նաև

Նշենք, որ այսօր «Եռաբլուրում» տեղի ունեցավ  «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքի օծման արարողությունը՝ նվիրված արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակին։

Ներկա էին Արցախի Հանրապետության քաղաքական և հոգևոր դասի ներկայացուցիչները՝ նախագահ Սամվել Շահրամանյանի և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս