Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում․ Ալիև

Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Միլլի Մեջլիսի 7-րդ գումարման առաջին նիստում։

«Սրանք միայն մարգինալ քաղաքական տարրեր չեն, Հայաստանի գործող իշխանությունները նույն մտքերով ու երազանքներով են ապրում։ Թեև բառերով այլ բաներ են ասում, բայց իրենց գործերը, քաղաքականությունը, լրիվ հակառակ պատկեր են ստեղծում։ Նրանք չեն ցանկանում հաշտվել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության արդյունքների հետ։ Դա է վկայում Մինսկի խմբի ֆորմալ պահպանումն առ այսօր, որը գործառական նշանակություն չունի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ ընդգծելով, որ իրենց թիվ մեկ խնդիրը ռազմական հզորացումն է։

Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի ստորագրման, դրա նախաստորագրման համար պահանջել է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, և համատեղ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ասելով, թե «Հայաստանը համաձայն չէ դրան»՝ Ալիևը նաև հայտարարել է․ «Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, նշանակում է՝ մեր նկատմամբ նրանց տարածքային նկրտումները դեռ կան»։

Ըստ Պաշտոնական Երևանի՝ Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։

Տեսանյութեր

Լրահոս