Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է 72 ժամվա ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում խոցել ԱՄՆ-ի երկրորդ հետախուզական հարվածային MQ-9 անօդաչու թռչող սարքը: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ամերիկյան MQ-9 մոդելի անօդաչու թռչող սարքը, երբ այն թշնամական լրտեսություն և մարտական գործողություններ էր իրականացնում Սաադա նահանգի օդային տարածությունում»,- հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ այս ԱԹՍ-ն երկրորդն է, որը Եմենի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 72 ժամվա ընթացքում և իններորդը՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ժամանակահատվածում։