Նիդեռլանդներում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատողները
Նիդեռլանդների երեք խոշորագույն քաղաքներում՝ Ամստերդամում, Հաագայում և Ռոտերդամում, առավոտյան հասարակական տրանսպորտի աշխատողների լայնածավալ գործադուլ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդել է Dutch News պարբերականը։
Գործադուլը տևել է տեղական ժամանակով 04:00-ից մինչև 08:00-ն: Այս ժամանակամիջոցում քաղաքներում ավտոբուսներ և տրամվայներ չեն գործել, իսկ Ամստերդամում և Ռոտերդամում նաև մետրոն չի աշխատել։
Սեպտեմբերի 11-ին պլանավորված է մարզային տրանսպորտի աշխատողների և երկաթուղայինների գործադուլը։ Այդ օրը ժամը 04:00-ից մինչև 08:00-ն չեն գործի գնացքները, ինչպես նաև մի շարք ընկերությունների տրամվայներն ու ավտոբուսները:
Dutch News պարբերականը հաղորդում է, որ գործադուլը մասն է կազմում մի շարք գործադուլների, որոնք անցկացվել են երկրում ֆիզիկապես դժվար աշխատանք կատարողների՝ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու սխեմայի բացակայության դեմ։
Ավելի վաղ գործադուլ էին կազմակերպել Նիդեռլանդների ոստիկանական մարմինների աշխատակիցները, ինչպես նաև նավահանգիստների աշխատողները։
Թագավորության սոցիալական հարցերի և զբաղվածության նախարար Էդդի վան Հեյումն անցյալ շաբաթ արհմիություններին կոչ է արել բանակցել իշխանությունների հետ նման սխեմա մշակելու շուրջ, սակայն աշխատողների ներկայացուցիչները մերժել են այդ առաջարկը՝ հայտարարելով, որ իրենց և պետության միջև կարծիքների տարբերությունը չափազանց մեծ է «բանակցությունները վստահորեն վարելու» համար: