ՌԴ-ն կառուցողական դեր է ունեցել խաղաղության հաստատման համար․ Միրզոյան
Ռուսաստանն արդեն իսկ կառուցողական դեր է ունեցել խաղաղության հաստատման հարցում։ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա շեշտեց՝ Ռուսաստանն այն երկիրն է, որը կարողացել է միջնորդել և հրադադարի ստորագրման հասնել 2020 թվականի պատերազմից հետո։
«Ռուսաստանն այն երկիրն է, որը միջնորդական գործընթաց է սկսել և Հայաստանի ու Ադրբեջանին բանակցությունների սեղանի բերել։ Սա այն դերն է, որը հետագայում շարունակել են ԱՄՆ-ն, Եվրամիությունը, տարբեր գործընկերներ, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, Գերմանիան»,- ասաց Միրզոյանը։
Նա նաև հիշեցրեց, որ իր և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հանդիպումը Ղազախստանում էր։
Միրզոյանը նշեց՝ Հայաստանը շնորհակալ է բոլոր այն երկրներին, որոնք փորձում են Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները մոտեցնել։
«Իհարկե, մենք միամիտ չենք, հասկանում ենք, որ բոլոր երկրներն էլ ունեն իրենց հետաքրքրությունները, որը միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի Հանրապետության հետաքրքրության հետ»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ պարտադիր չէ՝ Ռուսաստանի և Հայաստանի հետաքրքրություններն ու տեսլականը համընկնեն։
Նա նաև ընդգծեց, որ կցանկանար համաժողովում՝ պանելային այս քննարկմանը նաև իր ռուս գործընկերը մասնակցեր։