Իրանն ընդգծում է հարավկովկասյան երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը ապաշրջափակման գործընթացում. Իրանի փոխարտգործնախարարը՝ Երևանում
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության օգտին։ Այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխոլեսլամին։
Նա հավելեց, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատման համատեքստում Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված բանակցությունները և շեշտում է խաղաղության համաձայնագրի ստորագրումն արագացնելու կարևորությունը։
«Մենք պատրաստ ենք օգնել մեր հարևաններին հնարավորինս կարճ ժամկետում կարգավորել վեճերը։ Մենք աջակցում ենք ամուր և միացյալ տարածաշրջանի ձևավորմանը»,- ասաց իրանցի փոխնախարարը։
Իրանի ԱԳ փոխնախարարը կարևորեց նաև հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, միաժամանակ ընդգծեց տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավազորությունը հարգելու անհրաժեշտությունը։
«Մենք հավատում ենք, որ Հարավային Կովկասը չպետք է լինի մրցակցության դաշտ արտաքին ուժերի համար։ Այս համատեքստում Իրանը վճռականորեն դեմ է ցանկացած թաքնված օրակարգի, որը կարող է ապակայունացնել տարածաշրջանը և հիմքեր ստեղծել միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության համար»,- շեշտեց նա։
Մոհամմադ Հասան Շեյխոլեսլամին նաև ընդգծեց, որ Իրանն աջակցում է ՀՀ կառավարության առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում դրված սկզբունքները՝ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը և փոխադարձությունը: