Նախնական տվյալներով 38-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել․ Քննչական կոմիտեն՝ Դողս գյուղում գրանցված դեպքի մասին
Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից սեպտեմբերի 9-ին, ժամը 10։40-ին ստացվել է հաղորդում այն մասին, որ Էջմիածնի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում 09.09.2024թ. ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում նշված հասցեի լոգարանում Լ. Ե․-ն իրեն ամրակցված «Բերետտա» մոդելի ատրճանակով կատարել է ինքնասպանություն։
Կատարվել է դիակի արտաքին զննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Սկզբնական զննության է ենթարկվել դեպքի վայր հանդիսացող բնակարանը։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Նախաքննությունը շարունակվում է։



