Վրաստանում «օտարերկրյա գործակալների» ռեգիստրում գրանցվել է ավելի քան 450 ՀԿ

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով ստեղծված ռեգիստրում գրանցվել է ավելի քան 450 հասարակական կազմակերպություն։ Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանի արդարադատության նախարարություն է դիմել ավելի քան 450 ոչ կառավարական կազմակերպություն, այսինքն՝ օտարերկրյա ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների զգալի մասը»,- ճեպազրույցում ասել է Կոբախիձեն։

Վարչապետը նաև նշել է, որ «ՀԿ-ների գրանցման գործընթացը տեղի է ունեցել ակտիվ ճնշման և շանտաժի ֆոնին»։ Նրա խոսքով՝ «հասարակական կազմակերպություններին սպառնում և շանտաժի են ենթարկում ինչպես ՀԿ-ները, այնպես էլ առանձին օտարերկրյա դոնոր կազմակերպությունները»։

Կոբախիձեն հայտարարել է նաև «Վրաստանի հասարակական կազմակերպությունների համար դրամաշնորհային ծրագիր ստեղծելու մասին, որն ամբողջությամբ կֆինանսավորվի Վրաստանի պետական բյուջեից՝ օգտագործելով վրացի հարկատուների գումարները»։ Առաջին դրամաշնորհային ծրագրերը կֆինանսավորվեն 2025 թվականի հունվարի 1-ից։

Տեսանյութեր

Լրահոս