Աշխարհի 25 երկրներում ցույցեր են տեղի ունեցել Հնդկաստանում բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ
Հնդկական սփյուռքի հազարավոր ներկայացուցիչներ աշխարհի 25 երկրների 130 քաղաքներում ցույցեր են անցկացրել՝ պահանջելով արդարադատություն Կալկաթա քաղաքում բժշկուհու բռնաբարության և սպանության համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ճապոնիայում, Ավստրալիայում, Սինգապուրում, այնուհետև դրանք տարածվել են Եվրոպայի և ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում։
Հնդկաստանում ևս մի քանի շաբաթ է՝ ցույցեր են ընթանում օգոստոսի 9-ին 31-ամյա վերապատրաստվող բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ։ Կասկածյալը ձերբակալվել է։
36-ժամյա հերթափոխից հետո, բժշկուհին քնել էր սեմինարների սենյակում, քանի որ քնելու համար նախատեսված հատուկ վայր չի եղել։ Հաջորդ առավոտյան գործընկերները հայտնաբերել էին նրա մարմինը՝ լուրջ վնասվածքներով։ Հնդկաստանի Գերագույն դատարանը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել՝ առաջարկելու քայլեր բուժաշխատողների անվտանգության ապահովման համար։
Չնայած 2012 թվականին Նյու Դելիում ավտոբուսում 23-ամյա ուսանողուհու բռնաբարությունից և սպանությունից հետո ավելի խիստ օրենքներ են ընդունվել, սակայն ըստ ակտիվիստների՝ Կալկաթայում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ կանայք շարունակում են տառապել սեռական բռնությունից։



