Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Տիրամոր ծննդյան օրը
Սեպտեմբերի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների զանգերը կհրավիրեն Սուրբ և Անմահ Պատարագի, ձոն կբարձրացվի՝ նվիրված Մարիամ Աստվածածնին: Եկեղեցում հավաքված բազմությունը կխնդրի Սուրբ Կույսի բարեխոսությունը. Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի Տիրամոր ծննդյան օրը: Այն անշարժ տոն է։
Սրբազան ավանդությունը պատմում է…
Երևանի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը հիշեցնում է՝ տարբեր մարգարեների կողմից նշվել է Մարիամ Աստվածածնի մասին. «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն» (Եսայի 7:14):
Տիրամոր ծնունդը նկարագրված չէ Աստվածաշնչում:
«Տոնի հիմքում Եկեղեցու սրբազան ավանդությունն է, որ դարերի ընթացքում հասել է մեզ: Մարիամն աստվածատուր զավակ էր, ում ծնունդն ավետել էր հրեշտակը: Պատահական չէ, որ նրա ծնողները Հովակիմն ու Աննան էին: Հովակիմը սերում էր Դավթի՝ թագավորի սերնդից, իսկ Աննան՝ Ահարոնի՝ քահանաների սերնդից»,- նշում է Տեր Բաբկենը:
Ավանդությունը պատմում է, որ Հովակիմն ու Աննան երկար տարիներ ամուսնացած էին, սակայն երեխա չունեին և Տիրոջը շարունակ խնդրում էին՝ իրենց զավակ պարգևել: Մի օր, երբ Հովակիմը տաճարում ցանկանում է ընծա մատուցել Աստծուն, քահանան նրան ասում է, որ վերջում մոտենա, քանի որ անզավակ է: Հովակիմը հեռանում է լեռներ ու աղերսում Տիրոջը ազատել իրեն անզավակության անպատվելի վիճակից: Աննան ևս շարունակ աղոթում էր, խնդրում Տիրոջ բարեգթությունը: Աստված լսում է նրանց աղոթքները:
Տիրոջ հրեշտակը երևում է Աննային ու ասում. «Աննա՛, Աննա՛, լսեց Աստված քո աղոթքները: Եվ ահա կհղիանաս դու և կծնես աղջիկ, որի անունը հայտնի կլինի ամբողջ երկրում»: Տիրոջ հրեշտակը հայտնվում է նաև Հովակիմին:
Նրանք ունենում են աղջիկ, ում անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորյալ: Նա էր այն ընտրյալն, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց՝ լինել Աստծո մայրը: Ծնողները, ինչպես ուխտել էին, Մարիամին տանում են Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու: Երուսաղեմի տաճարում արբությամբ ու աղոթքով մնալուց հետո՝ Մարիամը դառնում է Հովսեփի նշանածը և ստանում ավետիսը:
Սուրբ Կույսի ծնունդը՝ կարևոր օղակ մարդկության փրկագործական շղթայում Աստվածածինը տառապեց Որդու համար, բայց երբեք չընդդիմացավ Աստծուն` հասկանալով իրեն վստահված առաքելության կարևորությունը: Նա հավատավոր մոր մարմնացումն է:
«Սուրբ Կույսի ծնունդը կարևոր օղակ է մարդկության փրկագործական մեծ շղթայում: Նա դաստիարակվեց՝ որպես Աստծո խոնարհ զավակ և համաձայնվեց Աստծուն ընդունել իր մեջ: Տիրամոր միջոցով աշխարհ եկավ Փրկությունը: Նա դարձավ մեր ամենամեծ բարեխոսը»,- նշում Տեր Բաբկենը:
Քահանան հիշեցնում է մեր հայրերի խոսքը, ըստ որի՝ Աստվածածինն ավելի բարձր է բոլոր սրբերից, հրեշտակներից, և պատահական չէ, որ նշվում է, երբ Սուրբ Կույսը վերափոխվեց երկինք, նստեց Որդու աջ կողմում: