Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ղեկավարությունն այլ ելք չունի, քան երկրի քաղաքական ու տնտեսական կենտրոնները տեղափոխել հանրապետության հարավային սահմաններ՝ Պարսից ծոցի ափեր։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը հղումով:
«Որպես երկրի մայրաքաղաք՝ Թեհրանը բախվում է խնդիրների, որոնց լուծումը մենք չունենք, բացի հենց մայրաքաղաքային կենտրոնը տեղափոխելուց», – ասել է նա:
Նախագահը նշել է, որ անհնար է դառնում շարունակել Թեհրանը մայրաքաղաք պահելը մի շարք նկատառումներով, առաջին հերթին՝ տնտեսական։
«Անհնար է զարգացնել երկիրը՝ շարունակելով ներկայիս միտումը: Եթե մենք ուզում ենք շարունակել ռեսուրսները Թեհրան բերել հարավից և ծովից, հետո դրանք վերածել արտադրանքի և նորից ուղարկել դեպի հարավ՝ արտահանման համար, դա էլ ավելի ու ավելի կնվազեցնի մեր մրցունակությունը»,- հավելել է նա։
Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ նոր մայրաքաղաքային կենտրոն ընտրելուց հետո բոլոր կառավարական գերատեսչությունները կտեղափոխվեն այնտեղ, որից հետո Թեհրանի բնակիչներին հնարավորություն կտրվի տեղափոխվել հանրապետության նոր մայրաքաղաք։