Ի՞նչ դիրքորոշում ունեն Հարիսն ու Թրամփը Ուկրաինայի հարցում
Թե ինչ քաղաքականություն են վարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը կամ Դոնալդ Թրամփը, երբ գան իշխանության, շարունակում է մնալ միջազգային քաղաքականության ուշադրության կենտրոնում։ Հարցը հատկապես սրվում է Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների օրվան մոտենալուն զուգահեռ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ուկրաինայի մայրաքաղաքում քաջատեղյակ են, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները Ռուսաստանի դեմ շարունակվող պատերազմի ընթացքի վրա։
«Գերիշխող կարծիք կա, որ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն լավագույն սցենարը չէ Ուկրաինայի համար, թեև կան նաև զգուշավոր կարծիքներ, որ ամեն ինչ կարող է այդքան էլ վատ չլինել»,- ասում է վերլուծաբան Օլեքսեյ Մելնիկը ։
Հայտնի է Թրամփի դիրքորոշումը, թե շատ արագ կարող է ավարտել պատերազմը։ Իսկ ԱՄՆ փոխնախագահի հանրապետական թեկնածու Ջեյ Դի Վենսը անգամ ասել է, որ իրեն «իրականում չի հետաքրքրում Ուկրաինան»:
Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Քամալա Հարիսը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն և ներկայացրել խնդրի վերաբերյալ Բայդենի վարչակազմի տեսլականը:
«Նա՝ [Թրամփը] խրախուսում էր Պուտինին՝ ներխուժել մեր դաշնակիցների տարածք՝ ասելով, որ Ռուսաստանը կարող է անել այն, ինչ ցանկանում է: Ուկրաինայի վրա հարձակվելուց հինգ օր առաջ հանդիպեցի նախագահ Զելենսկուն՝ զգուշացնելու նրան ներխուժում իրականացնելու Ռուսաստանի ծրագրի մասին։ Օգնեցի համախմբել ավելի քան 50 երկրների՝ դիմագրավելու Պուտինի ագրեսիան: Եվ որպես [ԱՄՆ] նախագահ ամուր կկանգնեմ Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների կողքին»,- ասել է Հարիսը:
Դիտորդների խոսքով՝ Քամալա Հարիսը, ամենայն հավանականությամբ, կհետևի Բայդենի «Աջակցություն Ուկրաինային» ծրագրին:
Եվ այս ամենի ֆոնին՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ Թրամփի հայտարարությունները նախկինի պես մշուշոտ են։ Հասկանալի չեն ԱՄՆ նախկին նախագահի խոսքերը, որ կավարտի պատերազմը մեկ օրում:
Լոնդոնի համալսարանում միջազգային հարաբերությունների գծով դասախոս Էնդրյու Փեյնը ասում է՝ «Պարզ չէ, թե ինչպես է նա այդ անելու: Մտավախություն կա, որ նա դա կանի՝ պարզապես լքելով Ուկրաինան, կտրելով ֆինանսական միջոցները և ճնշում գործադրելով Զելենսկու վրա՝ բանակցություններ վարել այն ժամանակ, երբ Պուտինը կօգտվի բոլոր լծակներից»:
Փեյնը, սակայն, ուշադրություն է հրավիրում՝ մարտադաշտում իրավիճակ է փոխվել, քանի որ ուկրաինական ուժերն այլևս Ռուսաստանի տարածքում են:
«Չեմ ակնկալում, որ ԱՄՆ դիրքորոշումը կփոխվի Ուկրաինայի հարցում մինչև նոյեմբեր»,- նշում է Էնդրյու Փեյնը։
Ինչևէ, ԱՄՆ ապագա նախագահի դիրքորոշումը, անշուշտ, կարևոր է ուկրաինական խնդրի հանգուցալուծման գործում, սակայն ամեն ինչ կախված չէ Վաշինգտոնից: