Բաժիններ՝

ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց 20 միլիոն դրամով

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կկիրառի տուգանք՝ 20 միլիոն դրամ գումարի չափով: Հանձնաժողովն այս մասին որոշում ընդունեց օգոստոսի 28-ին կայացած նիստի ընթացքում:

ՀԾԿՀ ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը, ներկայացնելով  որոշումը, նշեց, որ  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջին շրջանում տեղի ունեցած անջատումների վերաբերյալ  քաղաքացիների դիմումների քննարկման արդյունքում հարուցել է վարչական վարույթ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիայի պայմաններով նախատեսված հավաստի և սպառիչ տեղեկություն ներկայացնելու պարտավորության հնարավոր խախտման փաստի ուսումնասիրության նպատակով։

Հարուցված վարչական վարույթի արդյունքում հաստատվել է ընկերության կողմից ոչ հավաստի և ոչ սպառիչ տեղեկություն ներկայացնելու փաստը, ինչը ընկերության կողմից ևս ընդունվել է:Ղոսալմյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ նշված խախտումը խոչընդոտել է նաև Հանձնաժողովի կարգավորման գործառույթի, այն է՝ քաղաքացիների դիմումների բազմակողմանի և լրիվ քննարկման լիազորության պատշաճ իրականացմանը՝ Հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կկիրառի տուգանք՝ 20 միլիոն դրամ գումարի չափով: 

Նիստի ընթացքում բարձրացվեցին նաև մի շարք այլ հարցեր, այդ թվում՝ ՀԷՑ-ի զանգերի կենտրոնի սպասարկման  մոտեցման և որակի վերաբերյալ:  Բարձրացված հարցերին ի պատասխան՝ ՀԷՑ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը նշեց, որ հետևողական կլինեն դրանք կարգավորելու հարցում:

Անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած անջատումների պատճառներին՝ Արշակյանը նշեց, որ «Երևանի ՀԷԿ-1»-ում   տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով աշխատանքները արագ տեմպերով շարունակվում են, համակարգի բոլոր ընկերությունների, այդ թվում՝ ՀԵՑ-ի մասնագետների ընդգրկվածությամբ աշխատում են այդ վթարի հետևանքները վերացնելու համար:

«Ներողություն ենք խնդրում մեր բաժանորդներից ժամանակավոր հոսանքազրկումների համար, հավատացեք ամեն բան արվում է, որպեսզի այլընտրանքային  սնուցման համակարգով ապահովվի մեր բաժանորդների հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարումը: Կարծում եմ, եթե այլ խնդիրներ չլինեն և եղանակային պայմանները չփոխվեն, մենք սեպտեմբեր ամիսը կսկսենք բավականին բարվոք վիճակում»,- նշեց նա: 

Իսկ այն հարցին, թե ՀԷՑ-ը պատրաստվո՞ւմ է բողոքարկել ՀԾԿՀ-ի կողմից 20 միլիոն դրամով տուգանվելու որոշումը,  ՀԷՑ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենը նշեց՝ չեն պատրաստվում բողոքարկել, ըստ նրա նիստին ներկայացրել են բոլոր դիտարկումներն՝ ընդգծելով, որ այդ դեպքերը, որոնք համար տուգանվել են, հատուկ և պարբերական բնույթ չեն կրում:

«Պարզապես համակարգում կան որոշակի թերություններ, իսկ որոշ կոնկրետ դեպքեր, որոնց վերաբերյալ բողոքներ են եղել, կապված են եղել բաժանորդների անմիջական անջատիչների վթարման հետ: Պետք է նշեմ, որ  ՀԷՑ-ը էլեկտրաէներգիա մատակարարում է ավելի քան մեկ միլիոն բաժանորդի, իսկ այդ բոլորի ներքին անջատիչներին հետևելը բավականին դժվար և աշխատատար աշխատանք է»,- ընդգծեց Արշակյանը՝ բաժանորդներին հորդորելով ևս ուշադիր լինել սեփական անջատիչներին։  

Արշակյանն ասաց, որ բաժանորդներն անհրաժեշտության դեպքում իրենք էլ կարող են միացնել սեփական անջատիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս