Սեւանի շուրջ երկօրյա հեծանվավազքը արժեցել է մոտ 40 հազար դոլար.կնքվել է երկու պայմանագիր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ «փաշինյանական հեծանվավազքը» ՀՀ պետական բյուջեի վրա արժեցել է գրեթե 15 մլն դրամ։ Մոտ 50 անձ հեծանիվ է վարել, բայց 100 անձրեւանոց են գնել բյուջեի հաշվին եւ 100 անձի կերակրել 2 օր:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ հարկատուների՝ «Հայաստանի Հանրապետության հերոսի» գրպանից փոխանցված հարկերի հաշվին մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է արժեցել Սեւանի շուրջ երկօրյա հեծանվավազքը։

Տեղեկացանք, որ վարչապետի աշխատակազմի եւ «Էլյա Ավագյան» ԱՁ-ի միջեւ կնքվել է միջոցառումների համար ծառայությունների մատուցման 2 պայմանագիր։ Օգոստոսի 24-25-ը առաջին պայմանագրով ծախսվել է 9 մլն 604 հազար դրամ, 2-րդ պայմանագրով՝ 5 մլն 34 հազար դրամ։

Առաջին պայմանագրով նախատեսված է եղել 6 (3×3) վրանի վարձույթ 5 տարբեր կետերում, բիոզուգարանների վարձույթ՝ քանակով՝ 36, 6 տարբեր կետերում, 200 վերնաշապիկի, 100 ուսապարկի, 110 անձրեւապաշտպանի վարձույթ, թեպետ կադրերում վրաններն ակնհայտորեն ավելի շատ էին. ինչ միջոցներով՝ անհայտ է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պայմանագրով գումար է հատկացվել նաեւ ցուցանակների/կողմնորոշիչների տպագրության, դեկորատիվ շղթայված լույսերի ապահովման (600մ), գեներատորի վարձույթի (30 կվտ) եւ վառելիքի ապահովման, տանձանման 70 պուֆերի (փափկաթոռների) վարձույթի, տրանսպորտային եւ պահնորդական ծառայությունների, ներառյալ՝ սպասարկող անձնակազմի եւ բանվորական ուժի համար:

Փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը ուսումնասիրեց։ Տեսանյութում խոշոր պլանով երեւացող կադրերը իլյուզիա են՝ խաբկանք, քանի որ վերեւից՝ հեռակառավարվող դրոնով արված կադրերից ակնհայտորեն երեւում է ամբողջ խմբի տեղաշարժը եւ ապացուցում, որ հեծանվավազքի մասնակիցները հազիվ 50 հոգի են՝ անվտանգության եւ շտապօգնության աշխատակիցներն էլ ներառյալ։

Այս դեպքում հարցական է՝ ում համար է 110 անձրեւապաշտպան գնվել, 200 վերնաշապիկ եւ այլն:

Բայց շարունակենք փաստաթղթերի ուսումնասիրությունը. հաջորդ՝ 2-րդ պայմանագիրը, որի արժեքը կազմել է 5 մլն 34 հազար դրամ, նախատեսված է եղել 100 անձի սնունդ մատուցելու սպասարկման համար։ Պայմանագրով սահմանվում է նաեւ հատկացում՝ սպասարկող անձնակազմի եւ տրանսպորտային ծառայությունների համար։ Անհրաժեշտ է ապահովել 100 անձի համար նախաճաշ, ճաշ 2 օր եւ ընթրիք՝ 1 օր։

Իսկ որքանո՞վ է արդարացված 100 անձի 2 օրվա սննդի (նախաճաշ, ճաշ եւ ընթրիք) համար ծախսել 5 մլն դրամ: Ստացվում է, որ յուրաքանչյուր անձի սննդի համար 50 հազար դրամ է հատկացվել. դրսում, վրանի տակ 50.000 դրամ՝ միայն սննդի համար: Այդքան գումարով Սեւանա լճի շատ հյուրանոցներից կամ հյուրատներից կարելի էր օգտվել:

Երեւանի միջին գնային սանդղակ ունեցող յուրաքանչյուր ռեստորանում 100 հոգու համար 5 մլն դրամ կծախսվի 5, գուցե նաեւ՝ ավելի օրերում:
Հեղափոխական իշխանությունը, ընտրվելուց հետո, խոստանում էր բաց եւ թափանցիկ աշխատել, սակայն, կարծես թե, չի ստացվում։
100 անձի համար պետբյուջեից 15 մլն է դուրս գրվում, երբ 100 մարդ չկար անցկացվող հեծանվավազքին»:

Տեսանյութեր

Լրահոս