Թրամփը և Հարիսը հաստատել են իրենց բանավեճի օրը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պայմանավորվել է իր դեմոկրատ հակառակորդ, գործող փոխնախագահ Քամալա Հարիսի հետ սեպտեմբերի 10-ին հեռուստաբանավեճ անցկացնել ABC News հեռուստաալիքով։
«Ես պայմանավորվածություն եմ ձեռք բերել արմատական ձախ դեմոկրատ ընկեր Կամալա Հարիսի հետ բանավեճ անցկացնելու շուրջ։ Այն կհեռարձակվի ուղիղ եթերում ABC News կեղծ լուրերի հեռուստաալիքով, ամենազզվելի և ամենաանարդար հաղորդավարի հետ, երեքշաբթի՝ սեպտեմբերի 10-ին, Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում:
Թրամփն ընդգծել է, որ բանավեճը կանցկացվի այն կանոնների համաձայն, որոնք գործում էին նախագահ Ջո Բայդենի հետ CNN-ի կողմից անցկացված նախորդ բանավեճի ժամանակ։
Մասնավորապես, նախատեսվում է, որ թեկնածուները բանավեճի ժամանակ կանգնած կլինեն, նրանք չեն կարող օգտագործել գրառումներ կամ նախապես պատրաստված թերթիկներ։ Ոչ մի թեկնածուի հարցերը նախապես չեն ուղարկվելու: Բացի այդ, թեկնածուներից մեկի խոսելու ժամանակ մյուսի խոսափողն անջատվելու է։ Կողմերի միջև լուրջ քննարկումներ էին ընթանում՝ կապված խոսափողի անջատման հետ։
Ըստ Հարիսի ընտրարշավի թիմի՝ երկու թեկնածուներն էլ նախապես համաձայնել էին մեկի ելույթի ժամանակ մյուսի խոսափողը միացված թողնելու շուրջ, սակայն Թրամփը հրաժարվել է դրանից։
ԱՄՆ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։