ՌԴ-ում հայտնել են ուկրաինական հարվածների մասին. կան վիրավորներ
Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։
Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեր մարզի ևս 5 բնակիչ վիրավորվել է», – գիշերն իր Telegram ալիքում գրել է նահանգապետը։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Կիևն անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն այդ փորձը կասեցվել է։
«ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ինքնաթիռային տիպի հինգ ԱԹՍ։ Երեք ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի երկնքում, երկուսը՝ Կուրսկի», – գրել է գերատեսչությունն իր Telegram ալիքում։
Իր հերթին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն, հաղորդում է, որ զորքերի «Հյուսիս» խմբավորման զինծառայողները հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի փորձերը՝ մտնել Կուրսկի Սուջայի շրջանի Մալայա Լոկնյա բնակավայր։ ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ զինծառայողները կարողացել են պաշտպանվել՝ չնայած հակառակորդի գերակշռող ուժերին, որոնք եղել են արևմտյան արտադրության Marder և Stryker հետևակի մարտական մեքենաներով և օգտագործել են հարվածային ԱԹՍ-ներ։Օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերը ներխուժել են ՌԴ Կուրսկի մարզ։ Օգոստոսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ուկրաինական ուժերը մարզում առաջ են գնացել 1-ից 3 կմ։
Եվս երկու բնակավայր, ըստ Զելենսկիի, անցել է Կիևի վերահսկողության տակ, երրորդի համար մարտեր էին ընթանում։ Մինչ այս ուկաինական կողմը հայտնել էր 90-ից ավելի բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։