Բաժիններ՝

Ուկրաինայում հայտնել են ՌԴ-ի կողմից զանգվածային հարվածների մասին. կան զոհեր

Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի կողմից զանգվածային գնդակոծությունների ենթարկվելու մասին։ Հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։

BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ հարվածների են ենթարկվել, այդ թվում, Խերսոնի, Կիրովոգրադի, Չերկասիի, Սումիի, Պոլտավայի, Չեռնիգովի, Ժիտոմիրի մարզերը։

Զապորոժիեում կամիկաձե անօդաչուների հարվածից 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։

Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների 7 հարվածի մասին, որոնց հետևանքով նաև վնասվել են տներ, բաց տարածքում բռնկվել է հրդեհ։

Կրիվոյ Ռոգում հյուրանոցին հրթիռի հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ բացի հյուրանոցից, պայթյունից վնասվել են հարևան շենքերը, խանութները, մեքենաները։Հաղորդվում է նաև, որ ռուսական երրորդ ՄիԳ-31 ինքնաթիռն Ուկրաինայի վրա է արձակել «Կինժալ» գերձայնային հրթիռ։ Առաջին երկուսն արձակվել են դեպի Ուկրաինայի արևմուտք, հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Իսկ երրորդ «Կինժալ»-ը հասել է Խմելնիցկիի մարզի Ստարոկոնստանտինովի շրջան, լսվել են պայթյուններ։ Ստարոկոնստանտինովի մոտ է գտնվում ռազմական օդանավակայան, և այդ շրջանը հաճախ է ենթարկվում ռուսական ուժերի հարձակումների։Ռուսաստանն արդեն երկրորդ օրն է զանգվածային հարձակում իրականացնում Ուկրաինայի վրա։

Հուլիսի 26-ին իրականացված հարձակման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 7-ի, 47 մարդ վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հուլիսի 26-ին ՌԴ-ն երկրի ուղղությամբ արձակել է առնվազն 127 հրթիռ և 109 ԱԹՍ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է խոցել 102 հրթիռ և 99 ԱԹՍ։

Էներգետիկայի օբյեկտներին հասցված հարվածների պատճառով Ուկրաինայում սկսվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս