ՍԴ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը

ՍԴ-ն մերժել է ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը՝ պատճառաբանելով, թե խախտվել են ՍԴ դիմելու ժամկետները, փոխանցում է Փաստինֆոն։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանն արդեն երկրորդ անգամ է ՍԴ դիմում ներկայացնում՝ վիճարկելով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իր լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումը։ ՍԴ-ն ներկայացված առաջին դիմումի քննությունը կարճել է դեռ 2023թ․ հոկտեմբեր ամսին։ Այս անգամ Վարդազարյանը դիմումը ներկայացրել է ՝ նոր ի հայտ եկած հանգամանքին հիմքով։ Մասնավորապես, ՍԴ-ն Դավիթ Հարությունյանի գործով որոշում էր կայացրել՝ արձանագրելով Կարեն Անդրեասյանի նախագահությամբ ԲԴԽ-ի կողմից նրա իրավունքների խախտումը, այդ թվում՝ լսված լինելու՝ դատավորի և նրա ներկայացուցիչների բացակայությամբ գործը քննելու առումով։

Այս որոշումից հետո Վարդազարյանի անունից դիմում է ներկայացվել, քանի որ դեռ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման շրջանում ԲԴԽ-ն 2022թ․ գործը քննել է առանց Վարդազարյանի և նրա ներկայացուցչի մասնակցության, թեև ստացվել են համապատասխան դիմումները, որով խնդրել էին հետաձգել նիստը։ Ի դեպ, այդ արատավոր պրակտիկան «ակտուալ» է նաև այսօր, բոլորովին վերջերս ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ հինգ րոպե ուշացման պատճառով հնարավորություն չտալով դատավորին՝ դիրքորոշում հայտնել։

Տեսանյութեր

Լրահոս