Բաժիններ՝

Թեյլոր Սվիֆթի համերգին ահաբեկչություն պլանավորող երրորդ կասկածյալը ձերբակալվել է

Ավստրիայի իշխանությունները ձերբակալել են արդեն երրորդ անձին, որը կասկածվում է Վիեննայում ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Նա արմատներով Իրաքից 18-ամյա երիտասարդ է: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Ավստրիայի ներքին գործերի նախարարին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վիեննայում Թեյլոր Սվիֆթի երեք համերգները չեղարկվել են դրանց ընթացքում պլանավորվող հարձակումների պատճառով։ Ձերբակալվել էր երկու մարդ։ Ըստ հետաքննության վարկածի՝ ձերբակալվածներից մեկը՝ Ավստրիայի 19-ամյա քաղաքացին, հավատարմության երդում էր տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխին։

Ավստրիայի ներքին գործերի նախարարության հասարակական անվտանգության հարցերով գլխավոր տնօրեն Ֆրանց Ռուֆը հայտնել է, որ կասկածյալը հուլիսի 25-ին ազատվել էր աշխատանքից և պարծեցել, որ մեծ պլաններ ունի։ Հետաքննությունների ընթացքում նա խոստովանել է, որ պատրաստվում էր պայթեցնել իրեն ու սպանել մեծ թվով մարդկանց։ Kurier թերթի տվյալներով՝ նա քիմիական նյութեր էր գողացել իր նախկին աշխատավայրից և համացանցում տեղեկություններ գտել պայթուցիկ սարք ստեղծելու վերաբերյալ։

Երկրորդը՝ 17-ամյա կասկածյալը, համերգային հարթակում սկսել է աշխատել Սվիֆթի ելույթից մի քանի օր առաջ։ Երկուսն էլ, ըստ երևույթին, պատրաստ էին դառնալ մահապարտներ, նշել է Ռուֆը:Խուզարկությունների ընթացքում իշխանությունները հայտնաբերել են «Իսլամական պետություն» և «Ալ Քաիդա» խմբավորմանն առնչվող նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս