Ծանրամարտի նախկին չեմպիոնի հանդեպ սպանության փորձ կատարած տղամարդը թաքնվել էր Գետիկ բնակավայրում. նոր մանրամասներ
Հուլիսի 20-ի ժամը 16.29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 37-ամյա տղամարդ:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել էր բուժօգնության տեղափոխվածի «Հոնդա» մակնիշի մեքենան. դրսից մեքենայի տեսանելի հատվածում երևացել էին պարկուճներ և արնանման հետքեր:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության, Արաբկիրի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանության փորձը կատարել է Երևանի Կորյունի փողոցում հաշվառված 49-ամյա տղամարդը:
Նա հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Գետիկ բնակավայրի հասցեներից մեկում հայտնաբերվել, սպանության փորձի և ապօրինի հրազեն կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Ձերբակալման ժամանակ ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները նշված հասցեի ննջասենյակում՝ մահճակալի տեսանելի մասում, հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան և 2 տուփ փամփուշտներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սևանի քննչական բաժին:
49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղից էլ 49-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հուլիսի 25-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի և Սևանի քննչական բաժնի ծառայողները Գետիկ բնակավայրի նշված տանը կատարած խուզարկությամբ հայտնաբերել են մեկփողանի որսորդական ողորկափող հրացան՝ փամփշտանոցում 16 մմ տրամաչափի 1 փամփուշտ, 2 պարկուճ, 4 կրակված գնդակ, 1 փամփուշտ և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Կատարվում է նախաքննություն: