2023թ. միջազգային առևտրից աշխարհում ամենամեծ եկամուտը ստացել է Չինաստանը
Համաշխարհային բանկի տվյալներով՝ 2023 թվականին արտահանման ծավալներով աշխարհում ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Չինաստանը։ 2023թ. Չինաստանի առևտրային պրոֆիցիտը (արտահանման դրական տարբերությունը ներկրման նկատմամբ) կազմել է 594 միլիարդ դոլար։
Այդ ցուցանիշով երկրորդ տեղում է Գերմանիան (245.3 մլրդ), որին հաջորդում է Իռլանդիան (178 մլրդ)։ Առաջին տասնյակն ամբողջացնում են Սինգապուրը (155 մլրդ), Շվեյցարիան (131 մլրդ), Սաուդյան Արաբիան (127 մլրդ), Ռուսաստանը (121 մլրդ), Նիդեռլանդները (97 մլրդ), Ավստրալիան (83 մլրդ) և Բրազիլիան (81 մլրդ)։
Նախորդ տարի առևտրային պրոֆիցիտ է գրանցել 43 երկիր, որոնց ընդհանուր եկամուտը կազմել է 2.5 տրլն դոլար։
2023 թվականին աշխարհի բոլոր երկրները միասին արտահանել են 23.3 տրլն դոլարի, ներկրել՝ 22.9 տրլն դոլարի արտադրանք, որի արդյունքում ձևավորվել է 365 մլրդ դոլարի առևտրային պրոֆիցիտ։
Առևտրային պակասորդ են ունեցել 72 երկրներ, որոնց բացասական ցուցանիշն ընդհանուր առմամբ հասել է 2.3 տրլն դոլարի։ Այդ առումով վատագույն ցուցանիշն ունի ԱՄՆ-ը, որի գնած ապրանքների արժեքը 1.1 տրլն դոլարով գերազանցում է այլ երկրներ կատարած վաճառքի ծավալները։
Միջազգային առևտրից առավելագույն վնաս կրած երկրորդ երկիրն է Հնդկաստանը՝ 245 մլրդ դոլար։ Հնգյակում են նաև Մեծ Բրիտանիան՝ 232, Ֆրանսիան՝ 88 և Թուրքիան՝ 87 մլրդ դոլար։