Վրաստանը պատրաստակամություն է հայտնել խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին միշտ պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական հաղորդակցությանը։
Այս մասին վրացի նախարարը հայտարարել է պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Մեկ անգամ չէ, որ ապացուցել ենք, և ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ Վրաստանը միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համակեցության կողմնակիցը։ Մենք միշտ պատրաստ ենք նպաստել կողմերի միջև կառուցողական հաղորդակցմանը և ձեռնարկել հստակ քայլեր՝ փոխշահավետ համագործակցության ուղղությամբ»,- ասել է Դարչիաշվիլին։
Վրաստանի ԱԳ նախարարը նաև հավելել է, որ հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների համագործակցությունը, ինչպես նաև Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափը, ընդգծել են տարածաշրջանային էներգետիկ նախագծերի կարևորությունը։