Պակիստանում շուրջ 450 մարդ է մահացել ջերմային հարվածի հետևանքով
Պակիստանի Կարաչի քաղաքում (Սինդի նահանգի վարչական կենտրոն) ջերմային հարվածների պատճառով վերջին չորս օրվա ընթացքում շուրջ 450 մարդ է մահացել: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին իր կայքում հայտնել է Պակիստանի խոշորագույն Edhi Trust բարեգործական հիմնադրամի ղեկավար Ֆեյսալ Էդհին։
«Կարաչիի քաղաքային դիարաններում արդեն տեղ չկա շոգ եղանակի պատճառով մահացածներին ընդունելու համար»,- նշել է Էդհին:
Վերջին մի քանի օրվա ընթացքում 18 միլիոն բնակչություն ունեցող Կարաչիում ջերմաստիճանը հասել է +42-ի, ինչն էքստրեմալ է համարվում այդ քաղաքի համար: Բժիշկները հայտարարել են, որ բնակիչների մահացության աճի վրա ազդել է մեգապոլիսի անբարենպաստ բնապահպանական իրավիճակը, որը վատթարացել է տապի ժամանակ։
Կարաչիի իշխանությունները վիճակագրություն դեռ չեն հրապարակում տապի հետևանքով մահացածների վերաբերյալ։