Բաժիններ՝

ԱՄՆ-ն 150 մլն դոլարի չափով ռազմական օգնության հերթական մասնաբաժինը կհատկացնի Ուկրաինային

Միացյալ Նահանգները հունիսի 25-ին կհայտարարի Ուկրաինային 150 միլիոն դոլարի ռազմական օգնության մասնաբաժին հատկացնելու մասին: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որոնց անունը չի նշում։

Գործակալության տվյալներով՝ խոսքը, մասնավորապես, HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար նախատեսված հրթիռների մասին է։

Associated Press-ի զրուցակիցները չեն կարողացել հայտնել, թե արդյոք այս մասնաբաժնի մեջ տեղ կգտնեն ATACMS հրթիռներ։ Միևնույն ժամանակ նրանք վստահեցրել են, որ այս անգամ չի նախատեսվում կասետային զինամթերք տեղափոխել։

Օգնության փաթեթի մեջ պլանավորվում է ներառել հակատանկային սպառազինություն, հրաձգային զենք, նռնակներ, 155-միլիմետրանոց և 105-միլիմետրանոց հրետանային արկեր։

Հունիսի 24-ին Ռուսաստանը կանչել էր ԱՄՆ դեսպանին՝ բողոք հայտնելով հունիսի 23-ին Սևաստոպոլում Ուկրաինայի կողմից հարձակման ընթացքում, ռուսական կողմի պնդմամբ, ամերիկյան արտադրության հրթիռներ կիրառելու առնչությամբ, որի հետևանքով 4 մարդ էր զոհվել, 153 մարդ՝ վիրավորվել։

Անցյալ շաբաթ Պենտագոնը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են ամերիկյան ավելի մեծ հեռահարության հրթիռներ կիրառել Ռուսաստանում գտնվող թիրախներին հարվածելու համար, եթե դա արվում է ինքնապաշտպանության նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս