Իրանը և Բահրեյնը բանակցություններ կսկսեն իրանական ակտիվների ապաարգելափակման շուրջ
Թեհրանը և Մանաման կքննարկեն իրանական ակտիվների ապաարգելափակման հարցը․ դրանք Բահրեյնում սառեցվել էին երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկը։
«Երկու կողմերը պայմանավորվել են վարել տեխնիկական բանակցություններ, որոնք կապահովեն Բահրեյնում սառեցված իրանական ակտիվների արգելափակման վերացումը», – նշված է Իրանի ԿԲ հայտարարությունում։
Բանակցությունները մոտ օրերս կսկսվեն Թեհրանում կամ Մանամայում և կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև արդյունքներ ձեռք բերվեն:
Ավելի վաղ Թեհրանում հանդիպման ընթացքում Բահրեյնի և Իրանի արտաքին գործերի նախարարները համաձայնության են եկել բանակցություններ սկսել՝ նպատակաուղղված երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
Բահրեյնը Սաուդյան Արաբիայից անմիջապես հետո խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ՝ 2016 թվականի հունվարին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակումից հետո։ Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման և դեսպանատների աշխատանքի վերսկսման շուրջ 2023 թվականի մարտի 10-ին, որից հետո Բահրեյնի իշխանությունները հայտարարել են, որ բաց են իսլամական հանրապետության հետ կապերի վերականգնման համար: