ԵԽ հանձնաժողովի զեկույցում անդրադարձ է կատարվել Բաքվի գործողությունների հետևանքով ԼՂ-ի հայաթափմանը
Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովի 2023 թվականի վերաբերյալ հրապարակված տարեկան զեկույցում նշվում է, որ նույն թվականի սեպտեմբերի 19-20-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ռազմական գործողության հետևանքով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100․000 հայեր լքել են իրենց տները։
ԵԽՌԱ-ի հրապարակած զեկույցում ամրագրվում է այն փաստը, որ ադրբեջանական իշխանությունների ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող հայերը, լքելով իրենց հազարամյա բնօրրանը, բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում։
Զեկույցում նաև նշված է, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրները շարունակել են պայքարել աշխարհի անկայուն մասերից ապաստան հայցողների ժամանումներին համարժեք արձագանքելու համար։
«Քանի դեռ տեղահանված անձանց իրենց երկրներ անվտանգ վերադարձի պայմաններ ստեղծված չեն, ընդունող պետությունները պետք է երկարաժամկետ քաղաքականություն մշակեն՝ ապահովելու բնակարանային, զբաղվածության, կրթության, առողջապահական և սոցիալական ծառայությունների համարժեք հասանելիություն», – ընդգծվել է հրապարակված զեկույցում։