ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը․ Թասմաղամբետով
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտարարել է, որ Հայաստանը եղել և մնում է կազմակերպության դաշնակիցը, իսկ վերջինիս պարտավորությունները Երևանի հանդեպ մնում են անփոփոխ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ փոխանցելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը։
«Հայաստանը եղել է և մնում է մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և մեր բոլոր պարտավորությունները մնում են Հայաստանի հանդեպ, սակայն կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի ինքնիշխան իրավունքն է և որոշումը»,- ասել է նա։
Իմանղալի Թասմաղամբետովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կհստակեցնի կազմակերպությունում իր կարգավիճակը։
«Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ամեն դեպքում կպարզաբանի իրավիճակը, և կլինի պաշտոնական որոշում՝ լինե՞լ կազմակերպության մաս, թե՞ ոչ»,- ասել է նա