ԱՄՆ-ն և Չինաստանը 5 տարվա ընթացքում առաջին անգամ միջուկային զենքի շուրջ ոչ պաշտոնական բանակցություններ են վարել. Reuters
ԱՄՆ-ն և Չինաստանը մարտին վերսկսել են միջուկային զենքի շուրջ ոչ պաշտոնական բանակցությունները՝ 5 տարվա ընթացքում առաջին անգամ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով հանդիպմանը ներկա ամերիկացի պատվիրակներին։
Ըստ գործակալության՝ Չինաստանի ներկայացուցիչներն իրենց ամերիկացի պաշտոնակիցներին հայտնել են, որ ատոմային սպառնալիքի չեն դիմի Թայվանի հարցով։
«Նրանք ամերիկյան կողմին ասացին, որ լիովին համոզված են, որ ի վիճակի են Թայվանի համար սովորական պայքարում հաղթել առանց միջուկային զենքի», – հայտնել է գիտնական Դեյվիդ Սանտորոն՝ «Track Two»-ի (Երկրորդ ուղու դիվանագիտություն) բանակցությունների ամերիկացի կազմակերպիչը։
«Track Two» բանակցությունների մասնակիցները սովորաբար նախկին պաշտոնյաներ և գիտնականներ են, որոնք կարող են խոսել իրենց կառավարությունների դիրքերից։ Իսկ կառավարությունների միջև բանակցությունները հայտնի են որպես «Track One» (Առաջին ուղու դիվանագիտություն):
Շանհայում տեղի ունեցած երկօրյա բանակցությունների ժամանակ Վաշինգտոնը ներկայացրել են շուրջ 5 պատվիրակներ, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ և գիտնականներ։ Չինաստանի պատվիրակությունն ընդգրկել է գիտնականների և վերլուծաբանների, այդ թվում՝ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի նախկին սպաների։
Ի պատասխան Reuters-ի հարցման՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ «Track Two» բանակցությունները կարող են «օգտակար» լինել։ Պետքարտուղարությունը մարտին կայացած բանակցություններին չի մասնակցել, սակայն տեղյակ է եղել դրա մասին։
«Track Two» բանակցությունները երկու տասնամյակ տևած միջուկային զենքի և դիրքորոշման շուրջ երկխոսության մի մասն են։ Դրանք դադարել էին այն բանից հետո, երբ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2019 թվականին դադարեցրեց ֆինանսավորումը:
Կորոնավիրուսի համավարակից հետո կիսապաշտոնական բանակցությունները վերսկսվել էին, սակայն դրանց ընթացքում քննարկվել էր անվտանգության և էներգետիկայի հարցերի ավելի լայն շրջանակ․ Շանհայի բանակցություններն առաջինն էին վերջին տարիներին, որ հանգամանորեն անդրադարձել են միջուկային զենքին։
Դեյվիդ Սանտարոն հայտնել է, որ կողմերը նախատեսում են 2025 թվականին շարունակել բանակցությունները։
ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ 2023 թ․ գնահատման համաձայն՝ Պեկինն ունի 500 օպերացիոն միջուկային մարտագլխիկներ, իսկ մինչև 2030 թվականը, հավանաբար, դրանց թիվը կավելացնի 1000-ով։
ԱՄՆ-ն ունի 1770 օպերացիոն միջուկային մարտագլխիկ, իսկ Ռուսաստանը՝ 1710։