Չադի զինամթերքի պահեստներից մեկում պայթյուններ են որոտացել
Չադի մայրաքաղաք Նջամենայում զինամթերքի պահեստում գիշերը բռնկված հրդեհը մի շարք պայթյուններ է առաջացրել, հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Կուլամալլա Աբդերամանը։ Reuters-ը հայտնում է, որ ըստ ականատեսների՝ առնվազն 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել։
Լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որոնցում երևում են մարդկանց տների վրա ընկած արկերը: Ըստ բնակիչներից մեկի՝ իր խանութպան հարևանը զոհվել է արկի հարվածից: Երեք վիրավորներից երկուսին հիվանդանոց են հասցրել մոտոցիկլետներով։
Ականատեսներից մեկը Reuters-ին հայտնել է, որ մոտ մեկ ժամ շարունակ պայթյուններ էին լսվում, բոցեր էին երևում, և քաղաքում ծուխ էր տարածվում:
Հրդեհը բռնկվել է Չադի գլխավոր միջազգային օդանավակայանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որն, ըստ իշխանությունների, չի տուժել: