ԵՄ երկրների ղեկավարները կողմ կարտահայտվեն ֆոն դեր Լայենի լիազորությունների երկարաձգմանը. Financial Times
ԵՄ երկրների ղեկավարները հունիսի 17-ի երեկոյան Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդես կգան Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի լիազորությունները երկրորդ հնգամյա ժամկետով երկարացնելու օգտին: Այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով մի շարք դիվանագետների ու պաշտոնատար անձանց։
Նշվում է, որ Բրյուսելում երեկոյան կայանալիք մասնավոր ընթրիքի ընթացքում ԵՄ 27 երկրների ղեկավարներն իրեն քաղաքական աջակցությունը կհայտնեն ֆոն դեր Լայենի լիազորությունների երկարաձգմանը, և իսկ արդեն հունիսի 27-28-ին կայանալիք պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ նրա թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի։
Այնուհետև Ուրսուլա ֆոն դեր Լայենը պետք է ստանա նորընտիր Եվրախորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությունը, որպեսզի մնա իր պաշտոնում։
Թերթի աղբյուրների տվյալներով՝ հունիսի 17-ի երեկոյան Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպմանը նաև կքննարկվեն Եվրամիության խորհրդի ղեկավարի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի թեկնածությունները։ Աղբյուրները որպես Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնի թեկնածու նշում են Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային, որը կփոխարինի Շառլ Միշելին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար` Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի Ժոզեպ Բորելին։
65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովը ղեկավարում է 2019 թվականից։ Նա առաջին կինն է այս պաշտոնում։ Մինչ այդ նա զբաղեցրել է Գերմանիայի ընտանիքի գործերի նախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնները։ ԵՀ-ում ֆոն դեր Լայենի պաշտոնն ընտրովի է, նրա առաջին ժամկետն ավարտվում է այս տարի։