Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի
Հնդկաստանում երկու գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, վիրավորների թիվը՝ 60-ի: Այս մասին հաղորդում է հնդկական անգլիալեզու Business Standand պարբերականը։
Վթարը տեղի է ունեցել հունիսի 17-ի առավոտյան Արևմտյան Բենգալիայի Ջալպայգուրի շրջանում, երբ ապրանքատար գնացքը մխրճվել է նույն ուղղությամբ ընթացող մարդատար գնացքակազմի մեջ։ Բախման հետևանքով 2 մարդատար վագոն դուրս է եկել ռելսերից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բեռնատար գնացքի մեքենավարը չի նկատել կանգառի ազդանշանը, ինչից հետո մխրճվել է երկրորդ գնացքակազմի մեջ։
Ըստ տեղի իշխանությունների՝ զոհերի համեմատաբար փոքր թիվը բացատրվում է նրանով, որ մարդատար գնացքակազմի հետևամասում կցվել է փոստի երկու վագոն։
Վթարի կապակցությամբ իրենց ցավակցություններն են հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուն, Արևմտյան Բենգալիայի նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաններջին և երկրի երկաթուղիների նախարար Աշվինի Վայշնավը, որը վթարի վայր է մեկնել։
Փրկարարական գործողությունները դեռ շարունակվում են։