Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վերացրել է Դևդորակի կիրճում ավտոմեքենաների տեղաշարժի բոլոր սահմանափակումները, աշխատանքն է վերսկսել նաև «Դարիալի» հսկիչ անցակետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով գերատեսչության հայտարարությունը։
Տեղական ժամանակով ժամը 08:36-ին սարքերն արձանագրել էին ջրի մակարդակի փոփոխություն Դևդորակի սառցադաշտի հովտում, որը գտնվում է Կազբեկի լանջին: Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարիալի» անցակետի աշխատակիցները տարհանվել էին, իսկ ճանապարհը Ռուսաստանի ուղղությամբ փակվել էր։
«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, Շրջակա միջավայրի ազգային գործակալության հանձնարարությամբ, հաշվի առնելով այս պահին Դևդորակի կիրճում ստեղծված իրավիճակը, վերացրել են ավտոմոբիլների տեղաշարժի սահմանափակումները, նաև սովորական ռեժիմով աշխատանքն է շարունակում «Դարիալի» սահմանային անցակետը», – ասվում է հայտարարության մեջ։
Սովորական ռեժիմով աշխատում է նաև «Կազբեգի» մաքսային անցակետը։
«Վրաստանի մաքսային սահմանով միջազգային փոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից ապրանքների ներմուծումն ու արտահանումը, ինչպես նաև նշված մաքսակետով պետական սահմանը հատող ֆիզիկական անձանց նկատմամբ մաքսային հսկողության ընթացակարգերը շարունակվում են ողջ բեռնվածությամբ», – ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:
Իրավիճակի գնահատումից հետո մասնագետները արձանագրել են, որ Դևդորակի կիրճում սպառնալիքը նվազագույն մակարդակի է, և Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հանձնարարական է տվել բացել ճանապարհը Ռուսաստանի ուղղությամբ։



