Բաժիններ՝

Խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում Հայաստան կայցելի Սյու Միլիկենը

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, խոհարարական գրքերի հեղինակ, ռեստորանային գործի գիտակ և Mundo Hospitality Group-ի հիմնադիր Մերի Սյու Միլիկենը հունիսի 7-13-ը կայցելի Հայաստան:

Այցը կազմակերպվել է ԱՄՆ դեսպանության կողմից՝ Խոհարարական դիվանագիտության ծրագրի շրջանակում, որի առանցքում պարենային կայունության և պարենային ձեռներեցության հարցերն են։

Ինչպես նշվում է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ՝ շեֆ-խոհարար Միլիկենը կարողացել է որպես կին ձեռներեց բազմաթիվ արգելքներ հաղթահարել, առաջ քաշել պարենային կայունության մի շարք նախաձեռնություններ ու ամերիկյան հանրությանը հրամցնել իր նորարարական մոտեցումները Too Hot Tamales ամերիկյան հեռուստաշոուի եթերից։ Նա նախ բացել է City Café սրճարանը (բիզնեսում իր գործընկեր Սյուզեն Ֆենիգերի հետ), որն արժանացել է քննադատների բարձր գնահատականին, ապա Border Grill ռեստորանների ցանցը Լոս Անջելեսում և Լաս Վեգասում, որտեղ մատուցում են մեքսիկական խոհանոցի խորտիկներ՝ ոգեշնչված առավելապես փողոցներում առաջարկվող մեքսիկական ուտեստներից և ուշադրության կենտրոնում պահելով պարենային կայունության հարցերը։ Նա շարունակել է իր գործարար ջանքերը՝ գործարկելով տարբեր ռեստորաններ, սննդի շարժական կետեր բեռնատարներով, քեյթերինգի ծառայություններ, որոնց շարքում կարելի է հիշատակել Փալմ Սփրինգսում գործող BBQ Mexicana, Pacha Mamas, SOCALO և Alice B. սննդի կետերն ու ռեստորանները։ Շեֆ-խոհարար Միլիկենը մասնակցել է լավագույն շեֆ-խոհարարների Top Chef Masters շոուին, 5 խոհարարական գրքի համահեղինակ է (հայտնի գրքերից են Mesa Mexicana և Cooking with Too Hot Tamales), արժանացել է Ջեյմս Բիրդի և Ջուլիա Չայլդի մրցանակների։ Հայաստանյան այցի ընթացքում նրան կմիանա Հերմոսա Բիչում գտնվող «Բարշա» ռեստորանի և «Բարշա Վայնզ էնդ Սպիրիթս» համտեսի սրահի համասեփականատեր և շեֆ-խոհարար Լենորա Մորանին:

Շեֆ-խոհարարներ Միլիկենը և Մորանին հայաստանյան այցի ընթացքում կցուցադրեն իրենց խոհարարական վարպետությունը մի շարք հարթակներում, կանցկացնեն վարպետության դասեր և աշխատարաններ երիտասարդ խոհարարների ու պարենային ոլորտի գործարարների հետ՝ շեշտադրելով նորարարությունները, պարենային կայունությունը, ձեռներեցությունը և կանանց համար հնարավորությունների ապահովումը։ Այս ուսումնական նախաձեռնությունները կիրականացվեն գործակցելով «Երևանի գինու օրեր» փառատոնի, «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիայի», «Հրուշակագործության արվեստի ակադեմիայի» և Վայոց Ձորի մարզային քոլեջի հետ։

Նրանք նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կայցելեն պարենային արտադրամասեր, որոնք գործակցում են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ վերջինիս գյուղի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում։ Սա ոչ միայն հնարավորություն կլինի ծանոթանալ սննդի արտադրության ոլորտում Հայաստանի ավանդույթներին, այլ նաև զրուցել պարենային կայունության հարցերի շուրջ։

«Մեկի հետ հաց կիսելը թույլ է տալիս խորը պատկերացում կազմել ընդհանուր արժեքների ու ավանդույթների մասին։ Անչափ ուրախ ենք ընդունել շեֆ-խոհարարներ Միլիկենին և Մորանիին՝ ամրապնդելու հայ-ամերիկյան կապերը խոհարարական արվեստում, նախաձեռնելու պարենային կայունության վերաբերյալ կարևոր քննարկումներ և ներկայացնելու Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերի սննդի արտադրության հայ ձեռներեցների հաջողությունները», – նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս