Բողոքի ակցիայի ընթացքում ԱԳՆ շենքի դիմաց խուլիգանություն կատարելու համար կալանավորվել է 3 անձ. 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության առերևույթ 5 մասնակիցների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել էր դատարան ներկայացնելու հիմքով այդ անձանց ձերբակալելու վերաբերյալ որոշում։ Նշված 5 անձանցից 4-ը ձերբակալվել է։ Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Միջնորդությունների քննարկման արդյունքում, դատարանի որոշումներով, նշված անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում նշված անձինք մեղադրվում են այն բանում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, նրանք, այլ անձանց հետ, խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:
Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել են ոստիկանության ծառայողներից մեկի ձեռքում գտնվող ոստիկանական վահանին։ Այդ գործողությունների արդյունքում խախտվել է նշված վայրում գտնվող անձանց անդորրը, և խափանվել է հանրային միջոցառումը:
Նախաքննությունը շարունակվում է։
Միջոցներ են ձեռնարկվում՝ քրեական հետապնդման ենթարկվող մյուս անձին հայտնաբերելու, ինչպես նաև՝ խուլիգանական արարքների մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: