Բաժիններ՝

Մոդիի կոալիցիան հաղթանակ է տարել Հնդկաստանի խորհրդարանական ընտրություններում

«Ազգային դեմոկրատական ​​դաշինքը» (NDA – National Democratic Alliance)՝ վարչապետ Նարենդրա Մոդիի «Հնդկաստանի ժողովրդական կուսակցության» (BJP – Bharatiya Janata Party) գլխավորությամբ, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ Սաբհայի ընտրությունների արդյունքներով ստացել է 543 տեղերից 293-ը։ Այդ մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Հնդկաստանի ժողովրդական կուսակցությունն զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով 240 մանդատ, սակայն կուսակցությունը չի ստացել մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ 272 ձայնը: Կառավարություն կազմելու համար BJP-ին հարկավոր կլինի իր գլխավորած NDA դաշինքի աջակցությունը։ 2019 թվականի նախորդ ընտրություններում BJP-ն ստացել էր 303 մանդատ, իսկ NDA-ը՝ 352։

Հնդկաստանում վերլուծաբանները նշում են ընդդիմության խոշոր հաջողությունը. 28 կուսակցություններից բաղկացած I.N.D.I.A. (Indian National Developmental Inclusive Alliance – «Հնդկաստանի զարգացման ազգային ներառական դաշինք») կոալիցիան ստացել է 234 տեղ: Դաշինքի առաջատար կուսակցությունը՝ «Հնդկաստանի ազգային կոնգրեսը», մեծացրել է ստորին պալատում իր ներկայացուցչությունը՝ 52-ից հասցնելով մինչև 99-ի։

Մոդին հավակնում է երրորդ անգամ անընդմեջ դառնալ Հնդկաստանի կառավարության ղեկավար։

Հնդկաստանում տեղի ունեցած ընտրություններն ամենախոշորն էին աշխարհում։ Դրանք սկսվել էին ապրիլի 19-ին և անցկացվել յոթ փուլով։ Ընտրություններին կար գրեթե 1 միլիարդ գրանցված ընտրող։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս