Այս օրերին ակնհայտ է կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը․ Արման Թաթոյան
Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ ոստիկաների անպատժելիությունը։ Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը. նրանք տեսախցիկների առաջ հանցանքներ են բացահայտ գործում ու մնում անպատիժ, մեծ խմբով մարդ են դաժան ծեծի ենթարկում, նվաստացնում և այլն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Առավելագույնը, որ արվում է ծառայողական քննությունն է առանց հստակ արդյունքների ասենք, քրեական վարույթից խոսափելու, «թեմա փակելու» համար:
Ցուցարարների դեպքում միանգամայն այլ պատկեր է. առանց հիմքեր լինել-չլինելու, առանց նվազագույն իրավունքներ ապահովելու, առանց պարզելու փորձերի անգամ սարդրիչների դերը, անմիջապես զանգվածային բերման են ենթարկվում հավաքի մասնակիցները, քրեական գործով ձերբակալումները կայծակնային արագությամբ են իրագործվում:
Հաշվի չեն առնվում Բագրատ Սրբազանի (Bishop Bagrat Galstanyan) հայտարարություններն առ այն, որ պետք է բացառվի բռնությունը, և որ հավաքի մասնակիցերի թվում կան սադրիչներ, որոնք որևէ առնչություն չունեն հավաքի հետ: Ոստիկանության խնդիրներից է սադրիչներին հայտնաբերելն ու մեկուսացնելը:
«Կարմիր բերետավոր» ու «սև բերետավոր» ոստիկանների անօրինական արարքների քաղաքական հովանավորությունից է գալիս այսօրվա բացարաձակ դատապարտելի ու ամոթալի երևույթը, երբ նրանք, ինչպես տեղեկացրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը (Ruben Melikyan) ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող մի համեստ եկեղեցականի, ինչի հետևանքով Դանիել սարկավագը հայտնվել է հիվանդանոցում՝ տարբեր մարմնական վնասվածքներով:
Սրա համար թե´ օրենքով, թե´ միջազգային կանոններով պետք է պատասխանատվությունն իրագործվի քրեական վարույթի շրջանակում»: