Բաժիններ՝

«Կարեն Կարապետյանը քաղաքապետ էր, որ չէր ուզում ենթարկվել ճնշումներին»

«Կարեն Կարապետյանը շատ մեծ բաներ էր ուզում անել այս քաղաքի համար: Ուղղակի նա քաղաքապետ էր, որը չէր ուզում ենթարկվել ճնշումներին: Նա «ոչ» ասել գիտեր: Նա Երևանը որպես բիզնես չէր դիտում, նա չէր եկել այս կամ այն տարածքը գրավեր, նա եկել էր աշխատելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, երաժիշտ Արթուր Իսպիրյանը:

Ի տարբերություն նախկին քաղաքապետի՝ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արթուր Իսպիրյանի խոսքերով, չնայած բարի, ընտանիքասեր անձնավորություն է, սակայն փաստն այն է, որ  քաղաքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ: Տարոն Մարգարյանին շատերը հիշում են դեռ Ավանի թաղապետ եղած ժամանակներից և այն կարծիքին են, որ նա լավ թաղապետ էր և կարող է լավ ղեկավարել նաև քաղաքը։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ Արթուր Իսպիրյանն ասաց. «Եթե Ավանում  լավ է աշխատել, չի նշանակում, որ ամբողջ Երևանում լավ կաշխատի: Մենք ժամանակ չունենք,  մեզ ձեռքը սեղանին խփող է պետք»: Հենց այդ հատկությունն էլ, ըստ Արթուր Իսպիրյանի, ներկայիս քաղաքապետի մոտ բացակայում է: Արվեստագետը համոզված է, որ Տարոն Մարգարյանը  չի կարողանում «ոչ» ասել իր կուսակցական ընկերներին, եթե անգամ նրանց առաջարկները վնասում են Երևանին: Տարոն Մարգարյանի պարագայում, սակայն, Արթուր Իսպիրյանը  «մեղմացուցիչ» մի հանգամանք է առաջ քաշում. խնդիրները, որոնք այսօր առկա են մայրաքաղաքում, միայն Տարոն Մարգարյանի պաշտոնավարման օրոք չէ, որ առաջացել են։ Օրինակ, շինարությունների մեծ մասի թույլտվությունը նրա ձեռքի գործը չէ:  «Այս թույլատրությունները եղել են Երվանդ Զախարյանի օրոք: Փոքր  քաղաք է, գիտենք՝ ում ինչ է պատկանում, ով ինչ լծակներով է դրան հասել»,- ասաց  Արթուր Իսպիրյանը:  Նրա համար քաղաքապետի իսկական կերպարը 1962-1975թթ. պաշտոնավարած Գրիգոր Հասրաթյանն է, ում մասին երգչի հայրը շատ է պատմել:  «Մեզ փորձառու Հասրաթյաններ են պետք, որ ասեն` ոչ, որ կարողանան մերժել, որ կարողանան անձնական շահերի համար Երևանը չդարձնեն չարչիանոց»,- ասաց Արթուր Իսպիրյանը՝ նշելով, որ Գրիգոր Հասրաթյանի օրոք ոչ մի ծառ չէր հատվում և  կանաչ տարածքի հաշվին սրճարաններ չէին բացվում: Ինչ վերաբերում է ժամանակակից քաղաքապետերին, ապա նրանց,  Արթուր Իսպիրյանի կարծիքով, շատ հաճախ հենց կուսակցական կապերն են խանգարում: «Ինձ թվում է, որ քաղաքապետը կամ շատ ազնիվ կուսակցական պետք է լինի, կամ կուսակցական չպետք է լինի»,- կարծիք հայտնեց երգիչը:  Քանի որ Արթուր Իսպիրյանն ընդգրկված է  «Բարև, Երևան» նախնտրական դաշինքում, որի առաջին համարը  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է, հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք մտավախություն չունի, որ նա ևս կենթարկվի կուսակցական ճնշումների: Արթուր Իսպիրյանն ասաց, որ Արմեն Մարտիրոսյանին համարում է ազնիվ կուսակցական, երկրորդը՝ համոզված է, որ նա կամք ունի՝ անհրաժեշտության դեպքում «ոչ» ասել իր ընկերներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս