Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սերինե Թովմասյանը նրան հարցրել է.

«Նիկոլը հրահանգել է բոլորին ջարդել, ինչպե՞ս պայքարենք, և ի՞նչ հետևանքներ կունենա սա»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Մարդկության պատմությունն ապացուցում է, որ երբեք և ոչ մի բռնապետի չի հաջողվել բոլորին ջարդել։ Եթե բոլորը ոտքի կանգնեն, բոլորին ջարդել հնարավոր չէ։ Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է, իսկ ապօրինի հրամաններ կատարելու և չհիմնավորված բռնություններ իրականացնելու հանցանքները` պատժելի։ Կարևոր է փաստագրել նման վայրագություններ կատարողներին (լուսանկարներ, տեսանյութեր), այս փուլում ենթարկել հանրային պարսավանքի, իսկ ապագայում՝ օրենքով սահմանված պատասխանատվության։

Դեռևս նախորդ ընդդիմադիր ակցիաներին հինգ անգամ բերման եմ ենթարկվել, այդ թվում` բիրտ ապօրինություններով։ Հիշում եմ, երբ բերետավորներն առաջին անգամ հայտնվեցին Երևանի փողոցներում` պահպանելու հասարակական կարգը, նրանց հրեշտակներ կոչեց ժողովուրդը։ Տարիներ անց կարող ենք փաստել, որ ժամանակին քաղաքացիներին պաշտպանելու համար ծառայող հրեշտակները ձևափոխվեցին ընկած հրեշտակների։

Ազգիս առողջացման համար Հայաստանում և Սփյուռքում պայքարող իմ հայրենակիցներին պիտի նորից խնդրեմ չվախենալ, չհոգնել և չհուսահատվել։

Դեռևս Մաքիավելին էր գրել, որ պատմության մեջ բոլոր անզեն մարգարեները պարտվել են, իսկ զինվածները` հաղթել։ Այս շարժման մարգարեն զինված է ամենաուժեղ զենքով` ճշմարտությամբ, որը կեղծիքներից ավելի զորեղ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս