Երեխաների հարգանքը ծնողների ու մեծերի հանդեպ

Երբ երեխան փոքր է, ոչ մի աշխատանք չի անում: Նրա սննդի, հագուստի և այլնի համար ծնողներն են հոգ տանում: Ծնողները սիրուց մղված են օգնում երեխային: Երեխան չի աշխատում, նա կարող է միայն մի փոքր հանձնարարություն կատարել տնային գործերում: Բայց մի՞թե դա կարող է համեմատվել այն աշխատանքի կամ ծախսերի հետ, որ ծնողներն անում են հանուն նրա: Եթե երեխան, մեծանալով, չի հասկանում, թե ինչ են տվել իրեն ծնողները, ապա դա շատ մեծ ապերախտություն է:

Նախկինում ծնողները երեխային ֆիզիկապես էին պատժում, և նա այդ պատիժներն առանց վիրավորվելու էր ընդունում: Հաճախ նա նույնիսկ չէր էլ հասկանում, թե ինչի համար են իրեն ծեծում: Բայց այժմյան երեխաները համատարած «ինչո՞ւ և ինչի՞ համար» են: Համատարած հակաճառություն: Նրանց մեջ պարզություն չկա: Կատարվող ամեն բան դատի ու գնահատականի են ենթարկում:

Սակայն Աստծո շնորհն այս կերպ չի գալիս: Եթե երեխան իր հորը որպես հայր չի զգում և չի ընդունում հայրական պատիժը, ապա նա անօրինական երեխա է (Եբր. 12:6-11): Որոշ երեխաներ միանգամից սկսում են սպառնալ. «Երակներս կկտրեմ»՝ հենց ծնողները մի փոքր նկատողություն են անում: Եվ ի՞նչ է մնում ծնողներին անել: Նրանք զիջում են, իսկ արդյունքում երեխաները փչանում ու կործանվում են:

Երեխան պետք է հասկանա, որ եթե ծնողները նրա ծոծրակին են տալիս, ապա դա ոչ թե չարությունից մղված են անում, այլ՝ սիրուց, որպեսզի ինքն ուղղվի, ավելի լավը դառնա ու հետագայում ուրախանա: Մենք ամեն ինչ ընդունում էինք, երբ փոքր էինք՝ և՛ ծնողական քնքշանքը, և՛ ծնողական ապտակները, և՛ ծնողական համբույրները: Մենք հասկանում էինք, որ ծնողներն այդ ամենը մեր բարօրության համար են անում: Մեր ծնողների հանդեպ մեծ վստահություն ունեինք: Երբեմն նաև այնպես էր պատահում, որ մի եղբայրն էր մեղավոր լինում, իսկ մայրը մյուսին էր նախատում, քանի որ չէր հասցնում «դատաքննություն» անցկացնել: Սակայն, մեղավորը, տեսնելով, որ իր պատճառով անմեղն է տուժում, խոստովանում էր իր մեղքը, որովհետև խիղճը հանգիստ չէր տալիս: Եվ այդկերպ մեղավոր քույրը կամ եղբայրն արդարացում էին ստանում:

Կարդացեք նաև

Ընտանիքում փոքրերը պետք է հարգանք ունենան և՛ ծնողների և՛ մեծերի (եղբայրների ու քույրերի) նկատմամբ: Մեծերի հանդեպ հարգանքը, երախտագիտությունն ու հնազանդությունը փոքրերը որպես անհրաժեշտություն պետք է զգան: Մեծերը, իրենց հերթին, փոքրերի նկատմամբ պետք է սեր ունենան, օգնեն ու պաշտպանեն նրանց: Երբ կրտսերը հարգում է ավագին, իսկ ավագը սիրում է կրտսերին, հրաշալի ընտանեկան մթնոլորտ է ստեղծվում: Հայրս ասում էր մեզ. «Հնազանդվե՛ք ձեր ավագ եղբորը»: Մենք գիտեինք, որ մեր հայրը բոլորիս սիրում էր և մեզ շատ ազատ էինք պահում նրա հետ: Իսկ ահա ավագ եղբորս ավելի շատ էինք հնազանդվում, քանի որ նրա մեջ հայրական սերը չէինք գտնում*:

Երբ ամուսինները հարգում են միմյանց, իսկ երեխաները՝ ծնողներին, ապա ընտանեկան կյանքը ժամացույցի պես հարթ է ընթանում: Այդպիսի ընտանիքում ավագ որդին մորը երբեք չի ասի.

«Տե՛ս հա՜, մայր, էլ երբեք նման բան չանես» կամ «ինչո՞ւ ես ամեն ինչ թարս ու շիտակ արել»: Բայց և հայրը մոր հետ այդ տոնով չի խոսում այդպիսի ընտանիքում: Մեծը կարող է կատակել երեխայի հետ՝ նրան ուրախացնելու համար, բայց երեխան, մեծի կատակներից ուրախանալով, չպետք է նրա հետ իրեն անքաղաքավարի պահի ու անպատշաճ մտերմություն ցուցաբերի:

Երբ ես Ստոմիոն վանքում էի և երբեմն քաղաք էի իջնում գնումների համար, մի փոքրիկ, որի տունը հենց ճանապարհին էր, հենց տեսնում էր ինձ՝ վազում էր մոտս, և ես նրա թաթիկը համբուրում էի: Հետո նա սովորեց դրան ու մոտս վազելով ինքն էր թաթիկը պարզում, որ համբուրեմ: Ես անում էի այն, ինչ ինքն էր ուզում: Բայց հետո նրա ծնողները խնդրեցին. «Հա՛յր, պետք չէ նրա ձեռքը համբուրել, որովհետև վազում է քահանաների հետևից ու ձեռքն է մեկնում, որ համբուրեն, իսկ եթե չեն անում՝ սկսում է լաց լինել»:

* Հայր Պաիսիոսը յոթ եղբայր ու քույր ուներ:

Հայր Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս