Կներկայացվի նախագահական ընտրությունների մասին արտահերթ զեկույցը

Ապրիլի 2-ին կնշվի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության Գյումրիի գրասենյակի հիմնադրման մեկամյա տարեդարձը, որի շրջանակներում կներկայացվի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Դրանում բարձրացվում են 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում Պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները: Այս մասին լրագրողներին այսօր տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Պաշտպանն ընդգծեց, որ 2012թ. իր տարեկան զեկույցից հատվածների ներկայացումը որևէ քաղաքական միտում չի ունեցել՝ պարզապես խմբավորվել են հասարակության համար կարևոր խնդիրները և ներկայացվել՝ արդարադատության ոլորտ, սոցիալ-տնտեսական խնդիրներ, ապա ՏԻՄ-ին և Երևանի քաղաքապետարանին առնչվող խնդիրները: Անդրադառնալով, մասնավորապես, Հանրապետական կուսակցության և իշխանական թևի դժգոհություններին՝ Կ.Անդրեասյանն ընդգծեց, որ ինքը որպես Մարդու իրավունքների պաշտպան, «կոալիցիոն կադր է», նշանակվել է «ԱԺ լուրջ մեծամասնության» կողմից, շնորհակալ է նրանց վստահության համար, սակայն պարտական չէ նրանց:

Պաշտպանն անդրադարձավ նաև իր բիզնեսի՝ «Դիֆենս» ընկերության մասին հարցին՝ այն իրավաբանական բիզնես էր, իր մասն ինքն օտարել է, սակայն ում՝ ձեռնպահ մնաց հայտնելուց: Ըստ նրա՝ օտարմամբ իր բիզնեսն այլևս գոյություն չունի:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս