Բաժիններ՝

Հետապնդել է 17-ամյա պատանուն, ապա ատրճանակի սպառնալիքով գումար էր հափշտակել

Ապրիլի 3-ի ժամը 18.47-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով իր 17-ամյա որդուց հափշտակել է 120 հազար դրամ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում: 17-ամյա պատանին ոստիկաններին հայտնել է, որ եկեղեցու մոտ ոմն Էրիկ զենքի նմանվող առարկա ցույց տալով՝ ստիպել է իր մոտ եղած ամբողջ գումարը տալ իրեն, սակայն 173 հազար դրամից վերցնելով 120 հազարը՝ հեռացել է:

Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, մարզային վարչության, Տարոնի և Սպիտակի բաժինների ծառայողների հետ համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ հանցագործությունը կատարել է վանաձորցի 16-ամյա պատանին: Ապրիլի 4-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, նա Զորավար Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և տեղափոխվել է Բազումի բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում պատանին հայտնել է, որ գումար հափշտակելը նախապես է որոշել և, զենքի խանութից գնած գազային ատրճանակը գոտկատեղում թաքցնելով, ապրիլի 3-ի ժամը 16-ի սահմաններում դարանակալել է Տիգրան Մեծի պողոտայում գտնվող բանկոմատի մոտակայքում: Երբ նկատել է, որ մի տղա բանկոմատից փողը հանել և քայլում է դեպի պուրակ, հետապնդել Է նրան, ապա զրույցի պատրվակով կանչել Զաքարյան փողոցի առողջարանի տարածք, որտեղ էլ ատրճանակի սպառնալիքով հափշտակել է 120 հազար դրամ: Հայտնել է նաև, որ գումարը ծախսել է, իսկ ատրճանակը՝ նետել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը և գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

Վանաձորցի 16-ամյա պատանին ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն:
Քրեական վարույթը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս